Գեղարքունիքը հողերի օգտագործման մակարդակով առաջատարն է. գյուղատնտեսության նախարարն այսօր մարզում խորհրդակցություն է անցկացրել

2015-02-27

1 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր ջրային ոլորտի և այլ պաշտոնատար անձինք:

 

‹‹2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետության առաջատարն է››, – նշել է նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում:

 

Մասնավորապես, նախարարի խոսքով, մարզում առկա 81739.7 հեկտար վարելահողերից 2014թ․ օպերատիվ տվյալներով մշակվել է 76315 հեկտարը (93.4%), նախորդ տարվա համեմատ 1745 հեկտարով ավել: Իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014թ․ կազմել են 44102 հա: Ըստ կանխատեսումների 2015թ․ կկատարվի 44572 հա ցանք, նախորդ տարվանից 470 հեկտարով ավել:

 

Բարձր գնահատելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում մարզում արձանագրված արդյունքները, նախարարն ընդգծել է, որ մարզի 20 համայնքներում հիմնվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, և այդ ցուցանիշով ևս մարզը զբաղեցնում է առաջին տեղը:

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճ:

 

Անդրադառնալով մարզում առկա ոռոգման հետ կապված խնդիրներին` Նախարարը հավաստիացրել է, որ առաջիկայում մարզ կայցելեն ոլորտի պատասխանատուները` տեղում խնդիրների հետ ծանոթանալու և դրանց լուծումներ տալու նպատակով:

 

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ֆերմեր Իվան Ասատրյանը, իսկ ոլորտի մի շարք ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

 

Այնուհետև նախարարն այցելել է Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակմամբ զբաղվող «Արա-Արեգ» ՍՊԸ, հետևել աշխատանքների ընթացքին:

 

Ընկերության տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են կաթի մթերման կետի, լաբորատորիայի, պանրի արտադրամասի ընդլայնման, ինչպես նաև դրանց սանիտարահիգիենիկ վիճակի բարելավմանն ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցմանն ուղղված աշխատանքներ:

 

Ընկերությունը 2014 թվականին մթերել է շուրջ 600 տոննա կաթ, իսկ 2015 թվականի փետրվարի 25-ի դրությամբ` շուրջ 100 տոննա կաթ՝ մեկ լիտրի դիմաց գյուղացիներին վճարելով 170 դրամ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել