Օրգանական գյուղատնտեսություն

organakan

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության բարելավմանն ու խրախուսմանը նպատակաուղղված համակարգ է, որը հողի բարելավումը դիտարկում է որպես հիմնական առանցք՝ որակյալ, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության գործում:

 

Օրգանական գյուղատնտեսությունը այնպիսի համակարգ է, որտեղ չեն կիրառվում տոքսիկ նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր, դրա փոխարեն օգտագործվում են օրգանական պարարտանյութեր (հիմնականում՝ գոմաղբ) և վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարն իրականացվում է միայն բուսական պատրաստուկներով, իսկ օրգանական սննդամթերքի արտադրության մեջ չեն կիրառվում արհեստական նյութեր և ճառագայթում:

 

Օրգանական սննդամթերքում սննդարար նյութերի քանակը մինչև 3 անգամ ավելի շատ է, քան ավանդական գյուղատնտեսության՝ թունանյութերի և հանքային պարարտանյութերի կիրառմամբ աճեցված բերքի մեջ: Օրգանական սննդամթերքի ամենամեծ արժեքն այն է, որ այն անվտանգ է առողջության համար, ավելի շատ վիտամիններ, հանքային աղեր և այլ սննդարար տարրեր է պարունակում, զերծ է վնասակար քիմիկատներից, որոնք վերամշակված սննդամթերքում օգտագործվում են որպես սննդային, համային հավելումներ և կոնսերվանտներ, բացի դա այն ապահովում է մարմնի նորմալ քաշ, բարենպաստ ազդեցություն ունի մարդու ընդհանուր առողջության վրա, զերծ լինելով քիմիական նյութերից և հավելումներից օգտակար է հատկապես երեխաների համար: Օրգանական սննդամթերք օգտագործելիս ավելի քիչ է վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը, քանի որ այս սննդամթերքում ավելի քիչ կարելի է հանդիպել վնասակար միկրոօրգանիզմներ:

 

Օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեծ կարևորություն ունի էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության համար, որին նպաստում է նաև պահանջարկի աճը:

 

Օրգանական գյուղատնտեսությունը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում, որի զարգացման միջազգային դաշնությունը (IFOAM), գործելով աշխարհի ավելի քան 100 երկրներում, նպաստում և աջակցում է օրգանական գյուղատնտեսության զարգացմանն աշխարհում:

 

Հայաստանի Հանրապետությունում ներուժային մեծ հնարավորություն կա օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, որի հետ կապված մեծ աշխատանքներ են տարվում տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Հատկանշական է նշել Էկոգլոբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն, Կանաչ արահետ, Կանայք հանուն առողջության և այլ կազմակերպությունների այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես, Էկոգլոբ ՍՊԸ-ն միջազգային ճանաչում ունեցող օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին է, որը իրականացնում է օրգանական սերտիֆիկացում հողի, բուսական և կենդանական արտադրության մթերքների, ինչպես նաև վայրի պտուղների հավաքի, մեղվապահության ու գինու ոլորտներում տարբեր շուկաների համար՝ ՀՀ, ԵՄ, Շվեցարիա, ԱՄՆ և Կանադա: Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ նպատակ ունենալով նպաստել կայուն գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում, համագործակցում է ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների հետ և իրականացնում բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ կարևորելով և աջակցելով էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրությանը:   

  

Հարկ է նշել, որ օրենսդրական դաշտն ամբողջությամբ կարգավորված է, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Oրգանական գյուղատնտեսության մասին»  ՀՀ օրենքը, որը 2008թ. մայիսի 5-ին հաստատվել է Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ մտել 2009թ. մայիսի 14-ին:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում շատ արագ ավելանում է թե´ օրգանական մթերք արտադրողների և թե´ դրանք սպառողների թվաքանակը:

 

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն /ՕԳԱՆ/ դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիայի զարգացման գործակալության /ԱԶԳ/ կողմից:  Ծրագիրը կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո: Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը կապեր է ստեղծում հայ ֆերմերների և վերամշակողների և հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին: Աջակցության գործառույթները, այդ թվում վերապատրաստման և սերտիֆիկացման ծառայությունները, իրականացվում են օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների դասընթացների միջոցով: Ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին և վերամշակողներին տրամադրվում է ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ հանգեցնելով օրգանական արժեշղթայի մասնակիցների և ծավալների զգալի աճի:

 

 

Օրգանական գյուղատնտեսության ուղեցույց

 

 

Տպել