Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը դեռևս խորհրդային շրջանից սկսած և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավետությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը շատ է կարևորվում նաև գյուղական բնակչության զբաղվածության ու եկամուտների ապահովման առումով և նպաստում է պարենային, տնտեսական անվտանգության և ագրոպարենային շուկայի ձևավորմանը, ինչպես նաև ապահովում է ազգաբնակչությանն անվտանգ, որակյալ մթերքների երաշխավորված ու կայուն մատակարարումը:
Տնտեսական բարեփոխումների սկզբին հաջորդող` ագրարային բարեփոխումների առաջին փուլում, Հայաստանը հայտնվել էր տնտեսական շրջափակման մեջ, և ագրովերամշակող արդյունաբերության կազմակերպությունները հիմնականում դադարեցրել էին իրենց գործունեությունը:
Սկսած 1998 թվականից, մասնավոր հատվածի լրացուցիչ ներդրումների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, զգալիորեն բարելավվել է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության վիճակը:
Ներկայումս հանրապետության գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններն աստիճանաբար հարմարվում են շուկայական տնտեսության պայմաններին: Նշված ձեռնարկություններն իրենց առջև խնդիր են դրել բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունն ու թողարկվող արտադրանքի մրցունակությունը և դիվերսիֆիկացնելու արտադրությունը: Որոշ զարգացող ընկերություններ հաջողությամբ մրցում են ինչպես ներքին և ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում և ներդրումներ են կատարում արտադրության հետագա զարգացման համար:
Վերամշակման համակարգի գործունեության ակտիվացումը և արտահանման ծավալների աստիճանական ավելացումը որոշակիորեն նպաստել են գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնախնդրի մեղմմանը և գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը:
Ըստ գնահատականների Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ գործում է շուրջ 1600 սննդամթերքի արտադրության ձեռնարկություն, այդ թվում՝
– պտուղբանջարեղենի վերամշակում՝ շուրջ 57 ձեռնարկություն, որոնցից 9-ը համեմատաբար խոշոր («Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ը, «Պռոշյանի կոնյակի գործարան», «Եղեգնաձորի պահածոների գործարան», «Արարատ սննդի կոմբինատ», «Արարատ քենինգ ֆեքթըրի» ՍՊԸ-ներ, «Եվրոթերմ», «ՄԱՊ», «Երևանի գարեջուր», «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 250 հազար տոննա պտղի և բանջարեղենի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 2243 հոգի:
– չորացրած մթերքի և համեմունքների արտադրությամբ զբաղվող շուրջ 350 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնցից 6-ը միջին («Չիր», «Ավելիաց», «Գյուղի տատիկ» ՍՊԸ-ներ, «Արմեն Մանուկյան», «Հասմիկ Միրզոյան» ԱՁ-ներ, «Վայք Գրուպ» ՓԲԸ), իսկ մյուսները` գերփոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 15.0 հազար տոննա պտղի և բանջարեղենի վերամշակում: Արդյունաբերա¬արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 880 հոգի:
– խաղողի վերամշակում՝ շուրջ 50 ձեռնարկություն, որոնցից 12-ը համեմատաբար խոշոր («Երևանի կոնյակի գործարան», «Արտաշատ վինկոն», «Իջևանի գինու կոնյակի գործարան» ՓԲԸ-ներ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ, «Պռոշյանի կոնյակի գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Գինու կոնյակի տուն «Շահնազարյան», «Ա.Կ.Զ.» «Սամկոն», «Արմենիա վայն գործարան», «Վեդի ալկո», ՍՊԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 265 հազար տոննա խաղողի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 3200 հոգի:
– կաթի վերամշակում՝ ավելի քան 150 ձեռնարկություն, որոնցից 12-ը համեմատաբար խոշոր («Պարգև», «Բոնիլատ», «Դուստր Մարիաննա», «Մուլտի ագրո» գիտա-արտադրական կենտրոն», «Արզնի կաթ», «Թամարա և Անի», «Բիոկաթ», «Չանախ», «Դուստր Մելանյա», «Իգիթ», «Էլոլա» ՍՊԸ-ներ, «Արաքս-2» ԱԿ և այլ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 490 հազար տոննա կաթի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1552 հոգի:
– մսի վերամշակում՝ շուրջ 72 ձեռնարկություն, որոնցից 15-ը համեմատաբար խոշոր, որոնցից են՝ «Ալեքս Գրիգ», «Բեկոն պրոդուկտ», «Բարի Սամարացի», «Նատֆուդ», «Աթենք», «Ա. Բիլյան», «ԱՌ Դելիկատես», «Մուշ», «Բայազետ» ՍՊԸ-ներ, «Արարատ» ԱԿ և այլն: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 50 հազար տոննա մսի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 2203 հոգի:
– սպանդանոցներ՝ շուրջ 20 սպանդանոց, բոլորն էլ փոքր: Սպանդանոցները գրեթե չեն գործում կամ գործում են չնչին հզորությամբ, քանի որ կենդանիների սպանդանոցային մորթը հանրապետությունում դեռևս պարտադիր չէ: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 90 հոգի:
– ալրաղաց՝ շուրջ 19 ձեռնարկություն, որոնցից 12-ը խոշոր («Ալեքս Գրիգ», «Մոդուս Գրանում», «Մանչո Գրուպ», «Թալգրիգ», «Գրանդ Քենդի» ՀՁ, «Ատ Գրեյն» ՍՊԸ-ներ, «ՎՏ Թրեյդ» ՓԲԸ և այլ) և միջին, մյուսները փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 400 հազար տոննա ալյուրի արտադրություն: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1188 հոգի:
– ձկնամթերքի արտադրություն՝ 10 ձեռնարկություն, որոնցից 5-ը համեմատաբար խոշոր («Յունիֆիշ», «Մխչյան Ֆիշ», «Էկոֆիշ թրեյդ», «ԲԱԿՍՍ», «Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 5 հազար տոննա ձկնամթերքի վերամշակում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 145 հոգի:
– հացաթխման ավելի քան 500 ձեռնարկություն, որոնցից 25-ը միջին («4-րդ հացի գործարան», «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ներ, «Անահիտ», «Դավիթ 84», «Խարիսխ», «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ներ և այլն), իսկ մյուսները` փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 500 հազար տոննա հացի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 4515 հոգի:
– հրուշակեղեն և մակարոնեղեն՝ շուրջ 291 ձեռնարկություն, որոնցից 12-ը միջին («Գրանդ Քենդի» հայ կանադական ՀՁ, «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Մանչո Գրուպ», «Դարոյինք», «ԷյԷյԷֆՓիՍի» ՀԱ ՀՁ, «Շանթ պլյուս», «Արմսվիթ» ՍՊԸ-ներ և այլն), մյուսները՝ փոքր և գերփոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 40 հազար տոննա հրուշակեղենի և մակարոնեղենի արտադրություն: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 6230 հոգի:
– հանքային ու խմելու ջրեր և ոչ ալկոհոլային ըմպելիքներ՝ ավելի քան 55 ձեռնարկություն, որոնցից 12-ը միջին («Ջերմուկ գրուպ», «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան», «Ջերմուկ մայր գործարան», «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ-ներ, «Ջերմուկ գրուպ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ և այլ), մյուսները` փոքր և գերփոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 300000 հազար լիտր հանքային ու խմելու ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 1791 հոգի:
– գարեջուր՝ 11 ձեռնարկություն, որոնցից 3-ը համեմատաբար խոշոր («Երևանի գարեջուր» ՓԲԸ, «Գյումրի գարեջուր», «Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ-ներ): Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 150000 հազար լիտր գարեջրի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 994 հոգի:
– սուրճի և թեյի մշակում և փաթեթավորում՝ շուրջ 49 ձեռնարկություն, որոնցից 5-ը միջին («Ռոյալ Արմենիա» ՀՁ, «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ, «Ալեքս Գրիգ», «Բիո ունիվերսալ», «ՀԱՄ թեյ» ՍՊԸ-ներ), մյուսները` փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 25 հազար տոննա սուրճի և թեյի մշակում և փաթեթավորում: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 406 հոգի:
– բուսական յուղի (ձեթի) արտադրություն՝ 5 ձեռնարկություն, որոնցից 1-ը միջին («Շող բուսական յուղի կոմբինատ» ՍՊԸ), մյուսները` փոքր: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 5 հազար տոննա բուսական յուղի արտադրություն:
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 69 հոգի:
– շաքարի արտադրություն՝ 3 ձեռնարկություն, որոնցից 1-ը խոշոր «Լուսաստղ-Շուգր» ՍՊԸ, մյուսը` միջին: Ընդհանուր արտադրական հզորությունները կազմում են տարեկան շուրջ 250 հազար տոննա շաքարի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 105 հոգի:
– աղի կոմբինատ՝ 2 խոշոր ձեռնարկություն: Արտադրական հզորությունը կազմում է տարեկան շուրջ 100 հազար տոննա աղի արտադրություն: Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թիվը կազմում է շուրջ 294 հոգի:
2018 թվականին գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքում կազմել է 37.8%, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 57.0%:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքների վերամշակումից ստացվող արտադրատեսակների 2014-2018 թվականների արտադրության ծավալներին, գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված հիմնական արտադրատեսակների արտադրության, արտահանման, ինքնաբավության մակարդակը և իրացման կառուցվածքում տեղական արտադրության մասնաբաժնին, վերամշակող արդյունաբերության ընկերությունների կողմից 2014-2018 թվականներին պտղի, բանջարեղենի և խաղողի գնումների արտադրության ծավալները ներկայացված են վիճակագրություն բաժնում:
Զգալիորեն ավելացել և չափազանց բազմազան է դարձել մթերվող բանջարեղենի ու պտղի տեսականին: Մթերվում է հանրապետությունում աճող բանջարեղենի, պտղի ու հատապտղի գրեթե ողջ տեսականին, այդ թվում՝ լոբի, բամիա, սև և կարմիր պղպեղ, գազար, դդում, բոխի, շուշան և վայրի այլ բույսեր, հատապտուղների գրեթե ողջ տեսականին, նուռ, սերկևիլ, սալոր, կեռաս, բալ, կանաչ ընկույզ, մասուր, թութ և այլն:
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում գործող իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի մատչելիության մակարդակի բարձրացման, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև հումքի գնման պայմանագրային հարաբերությունների խորացման, գյուղացիական տնտեսություններին հումքի իրացման կայուն երաշխիքների տրամադրման և գնված հումքի դիմաց վճարումները կարճ ժամանակահատվածում գյուղացիական տնտեսություններին կատարելու նպատակով 2017-2018 թվականներին իրականացվել է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրված նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3 տոկոս: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագրից օգտվել են պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները:
Ծրագրի իրականացման արդյունքում ձևավորվել է գյուղատնտեսական տնտեսություններից գնված հումքի դիմաց կատարվող վճարումների իրականացման մրցակցային պայմաններ, որի արդյունքում 2017 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների չվճարված գումարը տարեվերջին կազմել է 1377.8 մլն դրամ (5.9 %), 2018 թվականին՝ 200.4 մլն դրամ (0.7 %), իսկ 2016 թվականին՝ 2048.4 մլն դրամ, որից 110.3 մլն դրամը 2015 թվականին մթերված հումքի դիմաց։
2019 թվականին ծրագիրը շարունակվում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման հիման վրա, որով դյուրինացվել է տրամադրվող նպատակային վարկերի տրամադրման ընթացակարգը. հանվել է վարկառուի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացվող նախնական հայտին եզրակացություն տրամադրելու նախապայմանը և վերջինիս փոխարեն սահմանվել է վարկի տրամադրման հայտի և վարկի հաստատման վերաբերյալ ՖԿ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեղեկատվություն ներկայացնելու մասին պահանջ, տրամադրվող վարկերի վերին շեմը 1.0 մլրդ դրամից ավելացվել է մինչև 1.5 մլրդ դրամ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողների համար վարկերի տրամադրումը սահմանվել է 0 % տոկոսադրույքով, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով հնարավորություն է տրվել շահառուներին գյուղացիական տնտեսություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև ընդլայնվել է ծրագրի գործողության շրջանակը և ընդգրկվել է նաև կաթի գնման ուղղությունը։
Գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման նպատակով լիզինգային մեխանիզմների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ձեռքբերման համար ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում տնտեսավարող ֆիզիկական և իրավաբանական անձինք լիզինգով կարող են ձեռք բերել մինչև 450 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ։ Լիզինգը տրամադրվում է մինչև 8 տարի մարման ժամկետով, 20 % կանխավճարով և 4% տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործող տնտեսավարողների համար 0 % տոկոսադրույքով։
Միաժամանակ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ագրովերամշակման ոլորտի օրենսդրական բարեփոխումների և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող լրացուցիչ գործառույթների, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը, ԵԱՏՄ-ի հետ արագ ինտեգրմանը, Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը և լրջորեն կխթանեն արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը:
Ցանկ Հայաստանի Հանրապետության սննդի և վերամշակող արդյունաբերության խոշոր և միջին ընկերությունների