Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այցելել է Կոտայքի մարզ
2015-02-25
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում խորհրդատվական համակարգին ներկայացվող խնդիրների քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունն է անցկացրել Կոտայքի մարզում:
Փոխնախարարը մասնագետների ու խորհրդատուների ուշադրությունն է հրավիրել մարզում չօգտագործվող հողերի գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավելու անհրաժեշտության, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման ներուժի օգտագործման հնարավորությունների վրա: Նա կարևորել է նախարարության կողմից իրականացվող աջակցությունների մասին գյուղացիական տնտեսություններին ժամանակին և պատշաճ ծանուցելու անհրաժեշտությունը, դրանց բաշխման թափանցիկության ապահովումը:
Նախարարի տեղակալն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարզում ջերմոցային տնտեսության զարգացման հնարավորությունների օգտագործմանը: Առաջարկվել է գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնին ճշտել ջերմոցների կառուցման համար պիտանի տարածքների առկայությունը, դրանց ծավալները, այդ նպատակի իրականացման գործում առկա խոչնդոտները, ենթակառուցվածքների վիճակը և այլն:
Այնուհետև նա հանդիպել է Տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի աշխատակիցների հետ: Փոխնախարարը հետևել է քանդված, երկար տարիներ չօգտագործված ջերմոցների նորոգման, վերականգնման, ցանքի համար բնահողի նախապատրաստման, ջրագծի կառուցման, հոսանքագծի անցկացման, գյուղտեխնիկայի վերանորոգման աշխատանքներին:
Գառնիկ Պետրոսյանը դրական է գնահատել կատարվածը և հորդորել տնօրեն Հ.Գասպարյանին համագործակցել Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի հետ` վերջինիս կողմից իրականացվող լոլիկի, սմբուկի, տաքդեղի սածիլների արտադրության պատվերների մի մասը իրենց կենտրոնում կազմակերպելու և մարզի գյուղացիական տնտեսությունների պահանջը բավարարելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին