ENPARD Հայաստանի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի (ՄԱԱԶԿ/UNIDO) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) կողմից։ ՄԱԱԶԿ/UNIDO-ն և ՄԱԶԾ/UNDP-ն համատեղ ջանքեր են ներդնում ստեղծելու և հզորացնելու արտադրող/վերամշակող խմբեր և նրանց ներգրավելու արժեշղթաների զարգացման գործընթացում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (2.4 միլիոն եվրո) և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից (1 միլիոն եվրո): Կառավարության կողմից ծրագրի գործընկերը Գյուղատնտեսության նախարարությունն է։
Տեխնիկական աջակցության բաղադրիչի նպատակն է`
- Հզորացնել գյուղմթերքի առաջնային արտադրության խմբերին։ Թիրախային մարզերում և արժեշղթաների շրջանակում ծրագիրը ստեղծում է կայուն, արդյունավետ, նոր արտադրող խմբեր և հզորացնում է արդեն իսկ ձևավորված խմբերին՝ գործունեության տարբեր փուլերում։
- Խմբերին արդյունավետ կերպով ներգրավել արժեշղթաների զարգացման գործում։ Ծրագիրն աջակցում է ֆերմերներին նյութատեխնիկական ապահովմամբ և կարողությունների ու հմտությունների զարգացմամբ, ինչն օգնում է հավելյալ արժեք տալ գյուղատնտեսական առաջնային արտադրությանը։
- Հզորացնել մատչելի և բարձրորակ արտադրանքի արժեշղթաները։ Ընտրված արժեշղթաներում ծրագիրը բացահայտում և մշակում է միջամտության առանցքային կետերը, որոնք նպաստավոր կլինեն ոչ միայն շահագրգիռ կողմերի համար, այլև հայ սպառողի համար:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի 6 մարզերում` Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Լոռի և Վայոց Ձոր: Ծրագրի շահառուներն են գյուղմթերք արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում կանանց և երիտասարդների խմբերին:
Ներկայումս ծրագիրն աշխատում է առաջնային արտադրության և վերամշակման 53 կոոպերատիվների հետ` 5 արժեշղթաներում, որոնք են բարձրարժեք մշակաբույսերը, ոչ ավանդական բանջարեղենը, միրգ/հատապտուղը, բարձրարժեք պանիրը և չիր/խոտաբույսերը:
- Առաջնային արտադրություն
Առաջնային արտադրության 39 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնցում ներգրավված են 70 գյուղերի ավելի քան 580 ֆերմեր, ստացել են իրենց կենսապայմանները բարելավելու հնարավորություն:
- Ստեղծվել են առաջնային արտադրության 39 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց տրամադրվել է գյուղատնտեսական ներդրանք և անհրաժեշտ գործիքներ` գործունեության մեկնարկի համար (հնդկացորենի և բրոկկոլիի սերմեր, պարարտանյութ, հատապտուղի տնկիներ, մշակման գործիքներ և ագրո-տեխնիկա):
- Առաջին անգամ Հայաստանում հնդկացորենի մեծածավալ մշակում է մեկնարկել, մշակաբույս, որն ավանդաբար սպառվում, բայց չի մշակվում Հայաստանում: 520 հեկտար ցանքից, որից 150 հեկտարը չօգտագործվող գյուղատնտեսական հողեր էին, ստացվել է շուրջ 640 տոննա բերք:
- Կաթիլային համակարգով ապահովված 4 ջերմոցներ են ստեղծվել Լոռու մարզում, որտեղ կանանց կողմից առաջնորդվող 4 կոոպերատիվներ մշակել և հավաքել են շուրջ 10 տոննա բրոկկոլի:
- Շուրջ 600 ֆերմերներ ստացել են ընդգրկուն դասընթացներ և խորհրդատվություն գյուղատնտեսական լավագույն փորձի, գյուղատնտեսական կոոպերատիվների կառավարման և բիզնես պլանների մշակման վերաբերյալ, ինչը նպաստել է նրանց գործունեությանն ու արտադրության զարգացմանը:
- Վերամշակում և արժեքի հավելում գյուղատնտեսական արտադրանքին
14 կոոպերատիվներ վերամշակման գործունեություն ծավալելու աջակցություն են ստանում, որոնց թվում են բարձրարժեք պանիր արտադրող 6 կոոպերատիվ, չիր և խոտաբույսեր արտադրող 6 կոոպերատիվ և հնդկացորենի վերամշակման 2 գործարան։
- Ծրագրի կողմից սննդի անվտանգության նորմերի պահպանման վերաբերյալ ուղղորդում ստանալով՝ վերամշակման մեջ ներգրավված ֆերմերները ապահովել են արտադրամասերի շինարարությունն ու վերանորոգումը։
- 12 վերամշակող կոոպերատիվների տրամադրվել է ժամանակակից սարքավորումներ, լաբորատոր և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև միջազգային ու տեղական փորձագետների կողմից համապարփակ խորհրդատվություն և ուսուցում ձեռնարկատիրության, բիզնես պլանավորման, բրենդավորման, վաճառքի և մարքեթինգի ոլորտներում։
- Հնդկացորենի վերամշակման 2 գործարաններ, որոնք միավորում են հնդկացորեն արտադրող 33 կոոպերատիվներ, ստացել են գործարանային սարքավորումներ և ծավալուն խորհրդատվություն՝ արտադրանքը վերամշակելու և շուկա ներկայացնելու վերաբերյալ։
- 6 կոոպերատիվներ արտադրում են բարձրարժեք պանիր (օրինակ՝ Գաուդա)։ Արտադրանքը բաշխվում է ներքին շուկայում և աստիճանաբար հայտնի դառնում գնորդին իր որակի և համի շնորհիվ։ Չիր և խոտաբույսեր արտադրող 6 կոոպերատիվներ կիրառում են փակ արտադրական ցիկլի մեթոդը՝ ստանալով օգտակար և որակյալ արտադրանք։
- Արժեշղթաների և շուկայի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել ներքին և արտահանման շուկաների վերաբերյալ՝ մշակելու ծրագրի գործողությունները և արդյունավետ միջամտության ռազմավարություն։ Առանձին ապրանքանիշեր են մշակվել արժեշղթաները ներկայացնող կոոպերատիվների համար՝ ապահովելու շուկայում նրանց հաջողությամբ ներկայանալը։
ԵՀԳԳԶԾ/ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի գրասենյակ
Տիգրան Մեծի պողոտա 4/6
ՀՀ, 0010 Երևան
Հեռ․` (+374) 60 530 000 (ներքին՝ 235, 181)
Էլ. փոստ` enpard.armenia@gmail.com