Անասնաբուժություն

bujՀայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։

 

 Անասնաբույժի ամենօրյա աշխատանքում կարևորվում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների հետ կապված հարցերը:

 

 Երկարատև զարգացման ժամանակահատվածում մշակվել են վարակիչ հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, պայքարի և յուրահատուկ կանխարգելման կենսաբանական պատրաստուկներ:

 

 Հայաստանի Հանրապետության  համար համընդհանուր  խնդիր է  կենդանիների վարակիչ, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

 

 Ելնելով տարածաշրջանում և հանրապետության առանձին մարզերում  կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային իրավիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հանրապետությունում անասնահամ­ճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և այն պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացնում է կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև  կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված անասնահակահամաճարակային միջոցառումներ հետևյալ հիվանդությունների նկատմամբ` գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` գ/կ) բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) տուբերկուլյոզ, գ/կ սիբիրախտ, ԽԵԿ խշխշան պալար,  նոդուլյար դերմատիտ, մանր եղջերավոր կենդանների (այսուհետ`ՄԵԿ)   սիբիրախտ,  ՄԵԿ  դաբաղ և մեղուների վարրոատոզ:

 

 Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման միջոցառումները 2012 թվականից իրականացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի  ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` կենտրոնի կազմում ընդգրկված շուրջ 545 համայնքը սպասարկող անասնաբույժների և 39 տարածաշրջանային համաճարակաբանների  միջոցով:

 

 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը նպաստում է  հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:

 

 Կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նոր դեպքերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման կատարելագործման նպատակով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների համալիր ինտեգրված էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

 

 Կենդանիների  և մարդկանց  համար ընդհանուր վարակիչ  հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով առանձնակի կարևորվում է  համաճարակաբանական և անասնաբուժական հսկողության, արագ արձագանքման և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացներում շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:

 

 Անասնաբուժության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2013 թվականի դեկտեմբերի 26-ի  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին  և  Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 53 արձանագրային որոշումը:

 

 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անասնաբուժության  մասին» ՀՀ օրենքը:

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է  «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և   Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության  2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշումը:

 

 

Տպել