ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնին

2015-03-04

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:

 

Ողջունելով հյուրին` նախարարը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ներկա մակարդակով:

 

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը հայ-լիբանանյան բարեկամական կապերի ամրապնդման գործում , քանի որ Լիբանանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, որն ունի նաև մեծ հայկական համայնք», – նշել է նախարարը:

 

Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին նախարարին է հղել Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աքրամ Շահիբի ողջույնն ու առաջիկայում Լիբանան այցելելու հրավերը` երկրի գյուղատնտեսական նորամուծություններին ծանոթանալու համար:

 

Նա նաև տեղեկացրել է, որ լիբանյան ընկերություններից մեկը ցանկություն է հայտնել բարեգործական նպատակներով Աշտարակ քաղաքին նվիրաբերել շուրջ 20 հազար եղևնու տնկիներ, որոնց համար արդեն հատկացված է հողատարածք:

 

Նշելով, որ առաջիկայում նախատեսվում է Լիբանանի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում կլինեն շուրջ 50 լիբանանցի գործարարներ` դեսպանը համոզմունք է հայտնել, որ այցը հրաշալի առիթ կարող է հանդիսանալ գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան նոր գործարար կապերի հաստատման և դեպի Հայաստան լիբանանյան կապիտալի ներհոսքի համար:

 

Նախարարը նույնպես ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունն ագրարային ոլորտում երկկողմ հարաբերությունների խթանման համար և շեշտել, որ որպես ներդրման հնարավոր ուղղություն առաջնահերթ դիտարկում է անասնապահության ոլորտը (մասնավորապես ոչխարաբուծությունն ու թռչնաբուծությունը):

 

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայ-լիբանանյան փոխգործակցության խորացման և ընդլայնման հարցում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել