Նախարարի առաջին տեղակալն այցելել է Սյունիքի մարզ
2015-02-27
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի մեկնարկի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային պատասխանատուների հետ անասնաբուժության ոլորտի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման ընթացքին առնչվող խնդիրների վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա էին նաև «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, համայնքապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:
Խորհրդակցության ընթացքում մարզի պատասխանատուների հետ մասնավորապես քննարկվել է պետական պատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների ընթացքը, մարզում անասնաբուժության ոլորտում առկա թերություններն ու դրանց լուծման ուղիները, անասնաբույժների կողմից իրենց աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև անասնաբույժների աշխատավարձերի և դրանք ժամանակին վճարելու հարցերին:
Գրիշա Բաղիյանը հուսադրող է համարել մարզում իրականացված բրուզելյոզի պատվաստումների պիլոտային ծրագրի արդյունքները:
Փոխնախարարի տեղեկացմամբ մարզում կայուն անասնաճարակային իրավիճակ պահպանելու գործընթացն ապահովելու նպատակով 2015 թվականին ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցներից հատկացրել է ավելի քան 40 մլն դրամի ախտորոշիչ, կանխարգելիչ, բուժիչ և ախտահանիչ միջոցներ:
Այնուհետև Գրիշա Բաղիյանն այցելել է Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում գործող կաթի ընդունման մի շարք կետեր, եղել է նաև Խնձորեսկի նորակառույց անասնաբուժական սպասարկման կենտրոնում, ծանոթացել կենտրոնի տեխնիկական հնարավորություններին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին