ՀՀ գյուղատնտեսության նախարարը Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
2015-02-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (EDB) պատվիրակությանը, որի կազմում էին բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը, ներդրումային ծրագրերի խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևը և հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Արմեն Պողոսյանը:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը և հուսով ենք, որ այս հանդիպումով սկիզբ կդրվի նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությանը», –իր խոսքում նշել է նախարարը:
Նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գերակայություններն ու առաջիկա առաջնահերթ ծրագրերը` մատնանշելով հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նախարարը նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունը հետաքրքրված է ջերմոցային տնտեսությունների և ձկնաբուծության ոլորտների ֆինանսավորման ծրագրերի իրականացմամբ: Նախարարն ընդգծել է նաև ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտությունը` հատկապես կարևորելով ջրամբարների կառուցման խնդիրը:
Սերգեյ Իգնատովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` հույս հայտնելով, որ գերատեսչության և բանկի համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ և կկրի շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացվող մի շարք այլ հարցեր ևս:
Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին