Օձունում նոր սպանդանոց կգործարկվի. փոխնախարար Գրիշա Բաղիյանը խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզում

2015-02-24

5«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր` անասնաբուժության ոլորտի խնդիրները տեղի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, գյուղապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:

 

Անդրադառնալով մարզում անասնաբուժության ընդհանուր իրավիճակին և առկա թերություններին ու բացթողումներին` փոխնախարարը հատկապես կարևորել է անասնաբույժների պարտականությունների լիարժեք կատարումը` հորդորելով ժամանակին և պատշաճ որակով իրականացնել կենդանիների պատվաստումները: Նա նաև հավելել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում Լոռու մարզին 2015 թվականին հատկացվել են շուրջ 35 մլն դրամ ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու համար:

 

Հանդիպումից հետո Գրիշա Բաղիյանն այցելել է նաև մարզի Օձուն համայնքում գտնվող նորակառույց սպանդանոց, որը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ մեր երկրում կառուցված թվով հինգ սպանդանոցներից մեկն է: Սպանդանոցի տնօրեն Խասիկ Տիտանյանի հետ քննարկվել են առաջիկա օրերին սպանդանոցի գործարկմանն առնչվող հարցեր:

 

 Գրիշա Բաղիյանը հույս է հայտնել, որ նմանատիպ սպանդանոցների շահագործումը կնպաստի բակային մորթի աստիճանական սահմանափակմանը` դրականորեն անդրադառնալով կենդանիների հիվանդությունների կանխարգելման վրա:

 

Այնուհետև Գրիշա Բաղիյանն այցելել է մարզի տարբեր համայնքներում տեղակայված կաթի ընդունման (մթերման) կետեր, որտեղ ծանոթացել է գյուղացիական տնտեսություններից կաթի մթերման գործընթացին, դրանցում տեղ գտած խնդիրներին և առկա խոչընդոտներին: Փոխնախարարը հատկապես կարևորել է կաթի մթերման գործընթացում փոխշահավետ գների ձևավորման և մթերման գների կտրուկ տատանումները բացառելու հարցերը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել