ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
2015-02-23
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք:
«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, և հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին կշարունակվի և ավելի կընդլայնվի», – նշել է իր ողջույնի խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, խնդիրներն ու առաջիկա անելիքները: Անդրադառնալով ոլորտի գերակա խնդիրներին` Սերգո Կարապետյանը մասնավորապես մատնանշել է առաջնահերթ պարենային մթերքի ինքնաբավության և սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման, անասնագլխաքանակի և գյուղատնտեսական կենդանիների կաթնատվության ավելացման, կոոպերատիվների ստեղծման, կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի համակարգի ներդրման և ջերմոցային նոր տնտեսություններ հիմնելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտի խնդիրներին` նախարարը կարևորել է օգտագործվող ջրի փակ կամ կիսափակ շրջապտույտի համակարգի ներդրումը` առաջարկելով առաջիկայում իրականացնել պիլոտային ծրագրեր մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ: Ի պատասխան Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից արդեն մշակվել և հաստատվել են նմանատիպ երեք ծրագրեր, որոնց իրագործումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարում:
Պատվիրակության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի արդյունավետ և կնպաստի գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրների լուծմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին