Պտղատու ծառերի էտն ըստ հասակային շրջանի
2015-02-23
Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության, և պտղաբերության նպատակադիր կարգավորումն է և պատկանում է պտղատու ծառերի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների թվին:
Էտի միջոցով ձևավորում են ծառը, ստեղծում ամուր կմախքով, համահավաք սաղարթով ծառեր, բարելավում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության անցնելու ժամկետը:
Էտն իրականացվում է երկու եղանակով՝ կարճացումով և նոսրացումով, որոնք սովորաբար կատարվում են միասին, ինչպես նաև` առանձին-առանձին: Կարճացնելիս հեռացվում է ճյուղի և շվի երկարության որոշ մասը, այն լինում է թույլ, միջին և ուժեղ: Նոսրացնելիս հեռացվում է ճյուղը կամ շիվը, չորացած, թույլ, հիվանդ, սաղարթը խտացնող, մեկը մյուսին խանգարող, կախ ընկած աճերը: Նոսրացումը կատարվում է թույլ, չափավոր, ուժեղ:
Էտի ժամկետը: Հանգստի շրջանում սննդանյութերի մեծ մասը կուտակվում է բույսի արմատներում, բնի և հիմնական ճյուղերի հիմքի մասերում, հետևաբար, որպեսզի սննդանյութերի կորուստ չլինի, ծառերը էտվում են, երբ բույսերը դեռևս խորը հանգստի շրջանում են:
Սովորաբար էտը կատարվում է վաղ գարնանը` մինչև բողբոջների ուռչելը: Միայն Նոյեմբերյանի, Տավուշի և Մեղրու ենթաշրջաններում կարելի է էտ կատարել նաև ծառերի տերևաթափից 15-20 օր անց` մինչև վաղ գարուն: Առաջին հերթին պետք է էտել ցրտադիմացկուն տեսակները՝ աստիճանաբար անցնելով համեմատաբար թույլ դիմացկունություն ունեցողներին: Դրանք են՝ խնձորենին, սալորենին, տանձենին, բալենին, ծիրանենին, կեռասենին, սերկևիլենին և դեղձենին:
Կիրառվում է ամառային կամ կանաչ էտ, երբ շվերի աճը կազմում է 25-30սմ: Կանաչ էտի նպատակն է կարգավորել ծառերի աճը, նպաստել մեծ թվով աճակալող և պտղաբերող ճյուղերի առաջացմանը: Կանաչ էտի ժամանակ հիմքից պետք է հեռացնել կենտրոնական և կմախքային ճյուղերի ողկույզների մրցակից աճերը, դեպի սաղարթի ներսը գնացող, ինչպես նաև կմախքային ճյուղերի վրա ուղղահայաց աճող ուժեղ շվերը, բնի հիմքից առաջացած մացառներն ու բնի վրայի ճյուղերը:
Երիտասարդ ծառերի էտը: Երիտասարդ հասակում էտի հիմնական խնդիրը ծառերի ձևավորումն է: Ծառերի կյանքի սկզբնական շրջանում ուժեղ էտը, առանձնապես շվերի խորը կարճացումը, նպաստում է աճի ուժեղացմանը, հետաձգում պտղաբերող ճյուղերի առաջացումը և պտղաբերության շրջանի թևակոխումը: Այդ նպատակով երիտասարդ ծառերի էտը, հնարավորության սահմաններում, պետք է կատարել չափավոր կերպով: Ճյուղերի կարճացման հետ կատարել նաև նոսրացում` հեռացնելով սաղարթը խտացնող, մեկը մյուսի աճին խանգարող, սուր անկյան տակ աճող ճյուղերը:
Ձևավորման տարիներին հիմնականում կատարել ծերատում և նոսրացում, երբ շվերի աճը հասնում է 40-50 սմ-ի, իսկ մինչև 35-40 սմ աճեր ունեցողները չծերատել: Հայտնի է, որ կորիզավոր պտղատեսակներն առավելապես պտղաբերում են միամյա աճերի վրա, որոնց ուժեղ կարճացումը բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա: Այդ նկատառումով էլ հիմնականում պետք է կիրառել նոսրացնող էտ, իսկ 40-45 սմ-ից բարձր աճերը կարճացնել 1/4-1/3-ի չափով:
Կմախքային և դրանց վրա ստեղծված մյուս կարգի ճյուղերի էտը կատարել այն հաշվով, որպեսզի պահպանվի կենտրոնական ուղեկցողի իշխող դիրքը, ապահովվի մյուս կարգի ճյուղերի ենթարկվածությունը մեկը մյուսին:
Պտղաբերող ծառերի էտը: Բերքատվության սկզբնական շրջանում, երբ դեռևս ծառերի աճը ուժեղ է, հիմնականում կիրառվում է 40-45 սմ բարձր աճ ունեցող շվերի կարճացում՝ 1/4-1/3-ի չափով, ինչպես նաև նոսրացում: Երբ աճն աստիճանաբար սկսում է թուլանալ՝ հասնելով 30-35 սմ, անհրաժեշտ է շվերի կարճացումը դադարեցնել և կիրառել միայն նոսրացում: Իսկ երբ աճը սկսում է թուլանալ և 15-20 սմ-ից չանցնել, նորից կատարել շվերի և ճյուղերի կարճացում, նպաստելով աճի ուժեղացմանը և նոր պտղաճյուղերի առաջացմանը:
Ինչպես հայտնի է, էտի եղանակը և կիառման աստիճանը մեծ չափով կախված են տեսակի և սորտի կենսաբանական առնաձնահատկություններից: Այսպես, հանրապետությունում լայն տարածում ունեն դեղձենին և ծիրանենին, որոնք աչքի են ընկնում ճյուղառաջացման մեծ ունակությամբ և ուժեղ աճեցողությամբ: Այս պտղատեսակներից հատկապես դեղձենին լուսասեր և ջերմասեր է, հետևաբար դրա էտը պետք է նպատակամղված լինի լուսային և ջերմային պայմանների կարգավորմանը: Այդ նպատակով կիրառվում է համեմատաբար ուժեղ նոսրացում, իսկ կարճացումը կատարվում չափավոր կամ թույլ՝ ելնելով ծառերի առողջական վիճակից:
Հնդավորներն ըստ ճյուղավորման բնույթի, աճի և պտղաբերման հատկությունների բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբն աչքի է ընկնում ճյուղառաջացման մեծ ունակությամբ և ուժեղ աճով: Այդ սորտերը գլխավորապես պետք է նոսրացնել, ձևավորման շրջանում նաև կարճացնել: Սաղարթը ձևավորելուց հետո հիմնականում նոսրացնել, իսկ երբ ծառերի աճն սկսում է թուլանալ ուժեղացնել շվերի և ճյուղերի կարճացմումը:
Երկրորդ խումբն օժտված է ճյուղառաջացման միջին ունակությամբ և աճով: Նման սորտերը պետք է չափավոր կարճացնել և նոսրացնել, լրիվ պտղաբերման շրջանում ուժեղացնել կարճացումը՝ աճը վերականգնելու և նոր պտղաճյուղեր առաջացնելու նպատակով: Երրորդ խումբն ունի ճյուղառաջացման միջին ունակություն, համեմատաբար թույլ աճեցողություն: Նման սորտերը պահանջում են միջին նոսրացում և ուժեղ կարճացում:
Պտղաբերման պարբերականությունը, որն ուժեղ արտահայտվում է հնդավորների, մասնավորապես խնձորենու մոտ, թուլացնելու համար պետք է ուժեղ բերքի տարում թույլ էտել, իսկ թույլ բերքի տարում՝ ուժեղ, վեգետատիվ աճն ուժեղացնելու նպատակով:
Մեծահասակ ծառերի էտը: Կապված հասակի հետ` ծառերի սաղարթը ձգվում է վեր, մերկանում են կմախքային ճյուղերը, կրճատվում ասիմիլացիոն և պտղաբերող մակերեսը, պտաղբերությունը հիմնականում կենտրոնանում է սաղարթի ծայրամասերում, չորանում են ճյուղերը, թուլանում են ծառի աճն ու բերքատվությունը: Այս դեպքում պահանջվում է երիտասարդացնող էտ, որը լինում է թույլ, չափավոր և ուժեղ:
Թույլ էտի ժամանակ կմախքային և կիսակմախքային ճյուղերը պետք է կարճացնել 2-3 տարեկան բնափայտի վրա, նոսրացնել չորացած, հիվանդ և թույլ ճյուղերը, իսկ վնասվածները հեռացնել հիմքից կամ մինչև առողջ մասը:
Չափավոր երիտասարդացնող էտի ժամանակ ճյուղերը կարճացվում են 4-6 տարեկան բնափայտի մոտից: Հատկապես լավ արդյունք է ստացվում, երբ ճյուղերը կարճացվում են վերջին բնականոն աճի /35-40 սմ/ մոտից: Նոսրացումը կատարել այնպես, ինչպես թույլ երիտասարդացնող էտի ժամանակ: Ներկայումս ուժեղ երիտասարդացնող էտ խորհուրդ չի տրվում կատարել, նպատակահարմար է ծերացած ծառերը քանդել՝ տեղում հիմնելով նորերը: Ծառերի երիտասարդացնող էտի ժամանակ պետք է ուժեղացնել այգու հողի մշակության, ոռոգման և պարատացման աշխատանքները, հակառակ պարագայում, այն կբերի բացասական հետևանքների:
Աղբյուրը` «Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ