ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2015-02-20
Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, իսկ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների վտանգը:
Հետագա հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով նախարարությունը հորդորում է Արարատի, Արմավիրի մարզերի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածի համայնքների գյուղացիական տնտեսություններին ավելորդ շտապողականություն չցուցաբերել և առայժմ կազմակերպել միայն հնդավոր (խնձորենի, տանձենի, սերկևիլենի), իսկ փետրվարի 25-ից հետո` կորիզավոր (դեղձենի, ծիրանենի և այլն) պտղատեսակների էտի աշխատանքները: Խաղողի այգեբացը, վազերի էտը և վաղահաս կարտոֆիլի տունկը նպատակահարմար է իրականացնել մարտի 5-ից հետո:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին