Պաշտպանված գրունտում լոլիկի և վարունգի մշակման հիմնական տեխնոլոգիան

2015-02-18

cucumberՀայաստանի Հանրապետությունը, չնայած աչքի է ընկնում արտահայտված կոնտինենտալ կլիմայով, այնուհանդերձ ունի բոլոր անհրաժեշտ բնակլիմայական պայմանները զարգացնելու ջերմատնային տնտեսությունը, որը հնարավորություն կնձեռի ամբողջ տարին ապահովել հանրապետության բնակչությանը թարմ բանջարեղենով: Լոլիկը և վարունգը հանդիսանում են պաշտպանված գրունտի հիմնական մշակաբույսերը, որոնց բարձր բերքի ապահովման հիմնական գրավականն է ջերմատների ճիշտ կառուցումը, հողի և սորտերի ճիշտ ընտրությունը, բարձրորակ սածիլների ստացումը, մշակաբույսերի խնամքը, պարարտանյութերի ռացիոնալ կիրառումը, հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ժամանակ և ճիշտ կազմակերպումը: Ջերմատները պետք է ապահովված լինեն ջեռուցման և հովացման համակարգերով, օդափոխման անհրաժեշտ պայմաններով: Ջերմատան հողը պետք է ունենա թեթև, ջրաթափանցիկ, օրգանական նյութերով հարուստ կառուցվածք: Ճիշտ կլինի յուրաքանչյուր սածիլումից առաջ հողը ենթարկել լաբորատոր անալիզի, որը հնարավորություն կտա այն հարստացնել մշակաբույսերի նորմալ աճեցողության համար անհրաժեշտ օրգանական և հանքային պարարտանյութերով: Շատ կարևոր է բարձրորոկ սածիլների ստացումը, որն իրականացվում է սերմերի ճիշտ ընտրությամբ, դրանց ծլունակությամբ, անհրաժեշտ ջերմային ռեժիմի կարգավորմամբ, նորածիլ սածիլների ճիշտ պարարտացմամբ, լուսային ռեժիմի ապահովմամբ, ճիշտ ջրային ռեժիմի կիրառմամբ, վնասատուների և հիվանդությունների զարգացման հնարավորության կանխարգելմամբ: Ջերմոցներում հիմնականում օգտագործվում են լոլիկի և վարունգի հիբրիդային ձևերը, որոնց սերմերը արտադրող ֆիրմաները դրանք նախօրոք մշակում են ախտահանիչներով և հարստացնում միկրոտարրերով: Այդ իսկ պատճառով, դրանք արդեն պատրաստ են կիրառման համար և անհրաժեշտություն չկա կատարել լրացուցիչ ախտահանում: Շատ կարևոր է սերմերի ընտրությունը: Նախ պետք է ծանոթանալ դրանց կենսաբանական առանձնահատկությունների հետ: Ձմեռ-գարուն շրջապտույտի համար անհրաժեշտ է ընտրել ուլտրավաղահաս իսկ ամառ-աշուն աճեցման համար` վաղահաս հիբրիդների սերմեր: Սերմեր կարելի է աճեցնել տարբեր տարաներում` բջջախորշերի, 100-150 գրամանոց ամանների մեջ և այլն: Բջջախորշերի մեջ աճեցնելուց մոտ մեկ ամիս անց սածիլները` 2-3 տերևի փուլում պետք է տեղափոխել ավելի մեծ ամանների մեջ և պահել մինչև 8-9 տերևների առաջացումը: Սերմերը տնկելուց առաջ հողախառնուրդը պետք է ախտահանվի 0.1%-ոց կալիումի պերմանգանատի լուծույթով, իսկ սերմերը տնկելուց հետո դրանք պահվում են մութ սենյակում 25-30 աստիճան C-ի պայմաններում: Ծիլերի առաջին իսկ երևալու դեպքում ամանները տեղափոխվում են լուսավոր տեղ: Ջմեռային պայմաններում ամանները պետք է օրական 12-14 ժամ լուսավորել լյումինիսցենտային լամպերով: Պարբերաբար պետք է հետևել ջրային ռեժիմին. սածիլները պետք է ջրել 20-22 աստիճան ջրով: Չափից ավելի ջրելու դեպքում հողը գերխոնավանում է և պատճառ դառնում հիվանդաբեր բակտերիաների և սնկերի զարգացմանը: Շատ կարևոր է հիվանդությունների դեմ սածիլների կանխարգելիչ սրսկումները , իսկ վնասատուների ի հայտ գալու առաջին իսկ դեպքում սածիլները պետք է սրսկել համապատասխան պատրաստուկներով: Նախքան սածիլների տնկումը, համապատասխան հեռավորությունների վրա /50×80, 40×70, 50×90 և այլն/ փորվում են փոսիկներ, որոնց մեջ լցվում է 0.5 կգ փտած գոմաղբ, 20-40 գրամ սուպերֆոսֆատ և 10-15 գրամ կալիումական աղ: Խառնուրդը հողի հետ լավ խառնելուց հետո փոսիկների մեջ լցվում է 1-2 լիտր կալիումի պերմանգանատի լուծույթ: Սածիլների տնկումից հետո դրանք ջրվում են գոլ ջրով, իսկ թելերով փաթաթումը կատարվում է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Վնասատուներին և հիվանդություններին դիմակայելը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում: Բավական է մի փոքր աչքաթող անել, և այն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ` ընդհուպ մինչև բերքի լրիվ ողնչացումը: Լոլիկի հիմնական վնասատուներն են` լոլիկի ցեցը, սպիտակաթևը, ականող ճանճը, թրիպսը, բվիկները: Եթե ականող ճանճի, թրիպսի և բվիկների դեմ հեշտությամբ կարելի է պայքարել տարբեր եղանակներով, ապա խիստ դժվար է վերահսկել լոլիկի ցեցի և սպիտակաթևի թվաքանակը: Այն կանխարգելելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է կիրառել, ոչ միայն համապատասխան պատրաստուկներ, այլև գունաթակարդներ, լուսային և էլեկտրական, ֆերոմոնային և այլ տեսակի թակարդներ, կազմակերպել ագրոտեխնիկական միջոցառումներ և այլն: Վարունգի հիմնական վնասատուներն են, բացի վերը նշվածներից, նաև լվիճները, տզերը, որոնց դեմ պայքարը առանձնապես ջանք չի պահանջում: Լոլիկին մեծ չափով վնաս են հասցնում իսկական ալրացողը և մասնավորապես մրկասնկերը, իսկ վարունգին, բացի դրանցից, նաև կեղծ ալրացողը: Ոչ ճիշտ ջրային և ջերմաստիճանային ռեժիմների դեպքում, չի բացառվում թառամումների զարգացումը` հիվանդություններ, որոնք կարող են ոչնչացնել ամբողջ բերքը:

 

 Աղբյուրը` «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Տպել