Բանջարեղենի մշակությունը ջերմատներում
2015-02-18
Մեր հանրապետության աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ջերմատներում բանջարային բույսերի լիարժեք մշակության և բարձր բերքի ստացման համար: Հայաստանում, ըստ կառուցվածքային առանձնահատկությունների, կան երկու տիպի` անգարային (երկթեք) և բլոկային (բազմաերկթեք) ջերմատներ: Ըստ օգտագործման ժամանակաշրջանի, ջերմատները լինում են ձմեռային (ջեռուցվող), որոնց շահագործումը տարվում է կլոր տարին և գարնանային, որոնք շահագործվում են վաղ գարնանը: Ջերմատնային ծածկը համապատասխանաբար լինում է ապակեպատ, սինթետիկ և թաղանթապատ:
Ջերմատնային պայմաններում ամբողջ վեգետացիայի ընթացքում կարգավորվում է բույսերի պահանջը` ջերմության, լույսի, խոնավության, սննդատարրերի և օդի նկատմամբ: Ընդ որում` խոշոր ջերմատնային տնտեսություններում այն կատարվում է համակարգիչների միջոցով: Բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ առաջնային գործոններից է ջերմային ռեժիմը: Ջերմատներում այն կարգավորվում է ջեռուցող համակարգի միջոցով, որը նպատակահարմար և արդյունավետ է տեղադրել գրունտի մակերեսի վրա:
Ջերմատներում ջերմային լավագույն ռեժիմ է համարվում գիշերը` 15-180C ցերեկը, ամպամած օրերին` 20-250C, իսկ պայծառ, արևոտ օրերին` 25-300C-ի դեպքում: Գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների կտրուկ տատանումները նպաստում են ոչ ապրանքային, տձև պտուղների ձևավորմանը և մի շարք հիվանդությունների տարածմանը (արմատային փտում, ալրացող և այլն):
Մեր պայմաններում, ձմեռային ջերմատներում սածիլման ժամանակ (օգոստոս), ինչպես և` վեգետացիայի վերջին շրջանում (հունիս, հուլիս), արևի բարձր էներգիան նպաստում է ջերմատան օդի ջերմաստիճանի բարձրացմանը` մինչև 35-400C և ավելի: Այդ պատճառով, նշված ամիսներին, օդի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով, ջերմատների տանիքը և կողային ապակիների արտաքին կողմը սպիտակեցնում են կավճի լուծույթով կամ օգտագործում ստվերածածկման հատուկ համակարգ, որը մոտ 7-90C-ով իջեցնում է ջերմատան օդի ջերմաստիճանը:
Ջերմատներում մշակվող բույսերի բնականոն աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև հողի ջերմաստիճանը: Արմատների բնականոն զարգացման համար, 25-30 սմ խորության շերտում պետք է պահպանել նվազագույնը` 170C ջերմություն:
Կարևորվում է նաև լուսավորվածության ռեժիմը, որը կախված է տեղի ընտրությունից, ծածկի անկյան թեքությունից, ապակու որակից, բույսի տեղադրությունից և սնման մակերեսից: Բանջարային մշակաբույսերի աճի և զարգացման համար, նվազագույնը պահանջվում է 10-12 ժամ օրվա տևողություն և 8 հազար լյուքս լույսի պայծառություն: Ջերմատնային պայմաններում բանջարային մշակաբույսերի մշակության կարևորագույն խնդիրներից է` խոնավության ռեժիմի կարգավորումը: Հիմնականում կիրառվում են ոռոգման ակոսային (ռետինե խողովակների միջոցով), անձրևացման և կաթիլային եղանակները:
Արդյունավետը` ոռոգման կաթիլային եղանակի կիրառումն է, որը նպաստում է ոռոգելի ջրի տնտեսմանը (2-3 անգամ), բույսերի աճի և զարգացման ընթացքի ինտենսիվացմանն ու բերքի քանակի ավելացմանը (18,3-60,3 տոկոսով): Ոռոգման համակարգն օգտագործվում է նաև պարարտանյութերով սնուցումներ իրականացնելու համար: Բանջարային մշակաբույսերի պահանջն օդի և հողի հարաբերական խոնավության նկատմամբ տարբեր է: Վարունգի համար լավագույն է համարվում 85-90, լոլիկինը` 50-60, տաքդեղինը` 70 % օդի հարաբերական խոնավությունը: Հողի խոնավությունը վարունգի համար` մինչև պտղակալման սկիզբը, պետք է լինի հողի սահմանային խոնավության 65-75 %, իսկ պտղակալման շրջանում` 85-90 %-ը, լոլիկի և տաքդեղի համար, համապատասխանաբար` 65-70, 75-80 և 70-75, 75-80 %:
Ջերմատան հողախառնուրդը հիմնականում պատրաստում են ճմահողից կամ դաշտային հողից (30-50 %), բուսահողից (20-30 %) և տորֆից (40-80 %): Պետք է նշել, որ յուրաքանչյուրի քանակական հարաբերությունը պայմանական է և կարող է փոփոխվել` կախված մշակաբույսերից, տեղի պայմաններից և տնտեսության հնարավորություններից: Նպատակահարմար է հողախառնուրդի զանգվածին ավելացնել նաև որոշակի քանակի հրաբխային խարամ: Ջերմատներում, բանջարեղենի բարձր բերք ստանալու համար, կարևոր նշանակություն ունեն մշակաբույսի տեսակի և սորտերի ընտրությունը, բարձրորակ տնկանյութի օգտագործումը, մշակման տեխնոլոգիաների կիրառումը:
Ջերմատանը սածիլներն աճեցվում են թաղարային եղանակով: Ախտահանված սերմերը կարելի է և նպատակահարմար է ցանել տորֆով կամ հողախառնուրդով (7 մաս տորֆ, 2 մաս բուսահող, 1 մաս ճմահող) լցված պոլիէթիլենային խոռոչիկներում: Սածիլների մշակության ընթացքում ջուրը տրվում է սննդարար լուծույթով, որը 1 լ ջրում պարունակում է` N-200, P-80, K-160, Ca-280, Mg-50 մգ, ինչպես նաև միկրոտարրերով` Fe-4; B-0,5, Mn-0,5, Zn-0,05, Cu-0,05 մգ/լ:
Երբ սածիլները հասնում են 7-10 սմ բարձրության, դրանք պետք է վերատնկել տորֆով կամ հողախառնուրդով լցված պլաստիկ բաժակների մեջ: Աճի սածիլային շրջանում բույսերը համարյա ամեն օր պետք է ջրվեն: Վերատնկումից 20-25 օր հետո, անհրաժեշտ լուսավորություն ապահովելու համար, բույսերն իրարից հեռացվում են. 10-15 բույս` մեկ քառ.մ-ի վրա: Ջերմատնային պայմաններում բանջարային մշակաբույսերի բերքատվության բարձրացման կարևոր պայմաններից մեկը` համապատասխան սորտերի և հիբրիդների ընտրությունն է: Արդյունավետ է մշակել վարունգի պարթենոկարպիկ, իսկ լոլիկի ինդետերմինանտ հիբրիդները: Լոլիկը նպատակահարմար է մշակել ձմեռա-գարնանային շրջապտույտում: Ցանքն անհրաժեշտ է կատարել նոյեմբերի վերջին: Այնուհետև, 40-45 օրական սածիլները, հունվարի առաջին կեսին, տեղափոխվում են նախօրոք ախտահանված և պարարտացված ջերմատան գրունտ:
Սածիլները տնկվում են երկգծանի ժապավենաձև` 90+60 x 50 սմ տնկման սխեմայով: Լոլիկի բույսերն անհրաժեշտ է ձևավորել ջերմատնային պայմաններում: Դետերմինանտ սորտերը ձևավորվում են 2, իսկ ինդետերմինանտները` 1 ցողունով` վեգետացիայի ընթացքում մի քանի անգամ կատարելով բույսերի իջեցում: Ինդետերմինանտ հիբրիդների մշակության դեպքում` ցանկալի է կիրառել կեռիկային համակարգը, որը հեշտացնում է բոլոր աշխատանքները: Ջերմատնային բանջարաբուծության ոլորտում օգտագործում են վարունգի կարճապտուղ և երկարապտուղ սորտեր և հիբրիդներ, որոնք, իրենց հերթին, լինում են մեղվի միջոցով փոշոտվողներ և պարթենոկարպիկ, երբ պտուղները կազմավորվում են առանց բեղմնավորման:
Սածիլները տնկվում են երկգծանի ժապավենաձև` 90+60×35-50 սմ տնկման սխեմայով: Վարունգի բույսերի ձևավորումը սկսում են սածիլների ջերմատուն տեղափոխելուց հետո: Ձևավորման սկզբից` բույսի ներքևի տերևածոցերից առաջացած կողային շվերը և ծաղիկները հեռացվում են: Մեղվով փոշոտվող հիբրիդների մոտ, հողի մակերեսից կես մետր բարձրության վրա, հեռացնում են 3-4, իսկ պարթենոկարպիկ հիբրիդների մոտ` 6-7 հանգույցները, որից հետո` հաջորդ 4-5 կողային շվերը, գրունտից մեկ մետր բարձրության վրա, ծերատվում են երկու տերևից, իսկ ավելի բարձր` մինչև երկաթալարը` երեք տերևից հետո: Երբ կենտրոնական ցողունի գագաթնային մասը հասնում է երկաթալարին, այն տանում են լարից վերև և ծերատում 3-4 տերևից հետո, այնուհետև` ցողունը թեթևակի թեքում լարի ուղղությամբ և, 1-2 պտույտ տալուց հետո, թելերով ամրացնում: Տերևածոցերից դուրս եկած կողային շվերը թողնում են ազատ աճելու:
Հանրապետությունում, բարձր բերքատու տեղական սորտանմուշների բացակայության պատճառով, լայնորեն օգտագործվում են արտասահմանյան` մասնավորապես հոլանդական և իսրայելական պարթենոկարպիկ հիբրիդներ: Վերջին տարիներին ջերմատնային տնտեսություններում մշակում են նաև քաղցր և կծու տաքդեղներ: Սածիլների մշակության աշխատանքները տաքդեղի համար նույնն են, ինչ` լոլիկինը: Սածիլները ջերմատանը տնկվում են երկգծանի ժապավենաձև` 90+ 60 x 35 – 50 սմ տնկման սխեմայով: Տաքդեղի թփի բարձրությունը ջերմատներում հասնում է մոտ 2,5 մ, ուստի զգացվում է թուփը կապելու և ձևավորելու անհրաժեշտություն: Հանրապետությունում հիմնականում մշակվում են կծու տաքդեղի տեղական պոպուլյացիաները, իսկ, ինչ վերաբերում է քաղցր տաքդեղին, ապա վերջին տարիներին որոշակի քանակությամբ մշակվում են նաև արտասահմանյան խոշորապտուղ, տեխնիկական հասունացման շրջանում` մուգ կանաչ գույնի, իսկ կենսաբանականում` կարմիր, դեղին, գազարագույն, պրիզմաձև պտուղներով սորտանմուշներ:
Հեղինակ` Գ. Սարգսյան
Աղբյուրը` «Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ