Մասնագետի խորհուրդ. կովերի հաջող ձմեռումը` կաթնատվության բարձրացման երաշխիք

2015-01-14

unnamed (1)Կենդանիների ձմեռային (մսուրային) շրջանը խիստ պատասխանատու գործընթաց է, հետևապես, դրան պետք է պատրաստվել նախապես: Մինչև տավարի մսուրային պահվածքին անցնելը, անհրաժեշտ են մի շարք նախապատրաստական աշխատանքներ: Նախ` հարկ է նորոգել անասնագոմերը, կարգի բերել տանիքը, անասունների կանգնելատեղերը, լուսամուտները, դռները, մսուրները, կապերը, ինչպես նաև` ջուր խմելու, կթելու, գոմաղբի հեռացման մեքենասարքավորումները, ախտահանել և մաքրել գոմերը: Ախտահանումները տարվում են կրեոլինի` 3, քլորաջրի` 2 կամ կծու նատրիումի 3 %-անոց լուծույթներով, մեկ քառակուսի մետրին` 0.5 լիտրի հաշվով: Հանգած կրի 15 – 20 %-անոց ջրային լուծույթով սպիտակեցվում են նաև գոմերի պատերը, առաստաղը, պատուհանները, սյուները, մատղաշի վանդակները:

 

Հաջող ձմեռումը պայմանավորվում է անհրաժեշտ քանակի և որակյալ կերերի առկայությամբ: Հայաստանի տավարաբուծության զարգացման ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կենդանիների ցածր մթերատվությունը պայմանավորված է, առաջին հերթին, դրանց անբավարար կերակրմամբ, հատկապես ձմեռային-մսուրային շրջանում:

 

Դեռևս իր ժամանակին ակադեմիկոս Ալեքսանդր Թամամշևը գրել է, որ կերի պակասը հանդիսանում է Հայաստանի տավարաբուծության զարգացման գլխավոր չարիքը: Ներկայումս էլ շատ տնտեսություններում տավարը կերերով ապահովված է պահանջի շուրջ 50 – 60 տոկոսի չափով: Մինչդեռ, նորմալ կերակրման և այսօրվա ցեղային կազմի առկայության պայմաններում, կովերի կաթնատվությունը կարող է լինել 2500 – 3500 կգ և ավելի: Հետևապես` ձմեռմանը նախապատրաստվելու կարևոր հարցերից մեկը` կերերի անհրաժեշտ պաշարի ստեղծումն է: Ստորև ներկայացվում է տարբեր մթերատվություն ունեցող կովերի պահանջը` կերի միավորի և մարսելի պրոտեինի նկատմամբ` ամբողջ տարվա, այդ թվում մսուրային շրջանի համար, մեկ կովի հաշվով: Տվյալները հավաստում են` որքան բարձր է կովերի կաթնատվությունը, այնքան շատ կեր է պահանջվում մեկ կովի հաշվով, սակայն նվազում է յուրաքանչյուր մեկ կգ կաթի արտադրության վրա կերի ծախսը: Եթե 2000 կգ կաթնատվություն ունեցող կովի յուրաքանչյուր մեկ կգ կաթի արտադրության համար պահանջվում է 1.4 կերի միավոր, ապա 5000 կգ կաթնատվությամբ կովի դեպքում`1.02 կերի միավոր: Այստեղից էլ ակնհայտ է բարձր մթերատու կովեր ունենալու տնտեսական արդյունավետությունը:

 

Մսուրային շրջանում առանձնակի հոգ է տարվում հղի ցամաք կովերի նկատմամբ: Դրանց ցամաքեցնում են 50 – 60 օր ծնելուց առաջ, ապահովելով անհրաժեշտ քանակի և որակի կերերով, ինչը հարկավոր է հղիության շրջանի վերջին ամիսներին` կենդանու սնվածությունը բարձրացնելու, պտղի նորմալ աճի և ծնելուց հետո շատ կաթ ստանալու համար:

 

Հղի ցամաք կովերի օրական կերաբաժինը, սպասվող կաթնատվության մակարդակից ելնելով, պետք է պարունակի 7.5 – 8.5 կերի միավորին համարժեք կերեր:
Հարկ է, որ կթու կովերը ապահովված լինեն բազմազան և անհրաժեշտ քանակի կերերով: Կերակրման նորմաների համաձայն, 400-500 կգ կենդանի զանգված ունեցող, օրական 8 կգ կաթ տվող կովին պետք է տալ 8-8.6 կերի միավորին համարժեք կերեր, 10 կգ կաթ տվողին` 9-9.6 կմ, 12 կգ կաթ տվողին` 10-10,6 կմ, 14 կգ կաթ տվողին` 11-11.6 կմ, 16 կգ կաթ տվողին` 12-12.6 կմ, 18-20 կգ կաթ տվող կովերի կերաբաժինը պետք է կազմված լինի 14.2 – 14.6 կերի միավորին համարժեք կերերից: Ելնելով առաջարկված կերի նորմաներից, տնտեսություններում անասնատերերը կազմում են կերաբաժիններ և ապահովում կենդանիների նորմալ կերակրումը:

 

Կթվող կովերը ծնելուց հետո, 3 – 4 ամիսների ընթացքում, ֆիզիոլոգիապես ընդունակ են լիակթվելու, այսինքն` ապահովելու բարձր կաթնատվություն: Ուստի, տվյալ ժամանակահատվածում, սահմանված նորմայից բացի, լրացուցիչ տրվում են 2 – 3 կերի միավորին համարժեք կերեր և հետևում լիակթման ընթացքին: Եթե լրացուցիչ տրվող կերը չի նպաստում կաթնատվության բարձրացմանը, ապա կերակրում են նորմայով սահմանված չափով: Կթու կովերի կերաբաժինը պետք է բաղկացած լինի հիմնականում ծավալային կերերից: Լավ որակի խոտը հանդիսանում է պրոտեինի, վիտամինների և հանքային նյութերի հիմնական աղբյուր: Կերաբաժնում որոշակի տեղ են զբաղեցնում սիլոսը և արմատապալարապտուղները (ճակնդեղ, գոնգեղ, գազար, կարտոֆիլ): Դրանք կաթնառատ կերեր են, պարունակում են մեծ քանակությամբ դյուրամարս ածխաջրատներ, հատկապես` շաքարների և օսլայի ձևով, հարուստ են նաև կարոտինով: Խտացրած կերերը (եգիպտացորենի, գարու, վարսակի, ցորենի, վիկի, ոսպի, ոլոռ-սիսեռի, ինչպես նաև` արևածաղկի, բամբակենու, կտավատի քուսպը և շռոտը) մեծ չափով էներգակիր կերեր են, դրանց մեծ մասը հարուստ է նաև պրոտեինով: Խտացրած կերերն առավել կարևոր նշանակություն ունեն կովերի լիակթման ժամանակ, լակտացիայի առաջին ամիսներին: Որքան բարձր է կովերի կաթնատվությունը, այնքան մեծ է խտացրած կերերի պահանջը, սակայն դրանց օգտագործումը պետք է լինի տնտեսապես շահավետ: Խտացրած կերերը կովերի կերաբաժնում կարող են լինել հետևյալ չափերով. տարեկան 2000 կգ կաթնատվության դեպքում, յուրաքանչյուր մեկ կգ կաթի դիմաց` 100-150 գրամ, կաթնատվության` 2000 – 3000 կգ դեպքում` 150-200 գ, 3000-ից բարձր կաթնատվության դեպքում` 200 գրամից մինչև 350 գրամ` մեկ կգ կաթի դիմաց:

 

Նախրի նորոգման էգ մատղաշի կերակրումն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվեն ցեղի (կովկասյան գորշ) ստանդարտով նախատեսված կենդանի զանգվածի ցուցանիշները, դրանք են` 6 ամսականում` 140 կգ, 12-ում` 230 կգ, 18-ում` 320 կգ, իսկ զուգավորման ժամանակ (18-20 ամսականում), առնվազն, 350 կգ: Նորոգման մատղաշի օրական միջին քաշաճերը, դրանց աճեցման տարբեր ժամանակաշրջաններում, կազմում են ոչ պակաս 600 գրամ: Այդ ցուցանիշներն ապահովելու համար նախրի նորոգման էգ մատղաշին օրական պետք է կերակրել. մինչև 6 ամսականը` 3.0 – 3.5 կերի միավորին համարժեք կերերով, 7 – 9 ամսականներին` 3.5 – 4.0, 10 -12 ամսականներին` 4.0-4.5, 13-15 ամսականներին` 4.5-4.7 և 16-18 ամսականներին` 4.8-5.0 կերի միավորին համարժեք կերերով: Մեկ կերի միավորի հաշվով` պահանջվում է 95 -110 գ մարսելի պրոտեին: Կաթնային շրջանում (մինչև 6 ամսականը) գոյություն ունեն հորթերի կերակրման տարբեր սխեմաներ: Այդ սխեմաներով` մեկ հորթի կերակրման համար նախատեսվում է տարբեր քանակի անարատ (180, 200, 275, 350 կգ) և սերզատած (200, 400 կգ) կաթ: Ֆերմերներն իրենց հնարավորություններից և մատղաշի աճեցման նպատակից ելնելով, կարող են օգտվել այս կամ այն սխեմայից և հորթերին տալ համապատասխան քանակությամբ կաթ: Մատղաշի աճեցման հետկաթնային շրջանում նույնպես մեծ ուշադրություն է դարձվում դրանց կերակրմանը: Հաստատված է, որ սեռական հասունության շրջանում (8 ամսականից) էգ մատղաշի և երինջների բարձր մակարդակով կերակրումը նպաստում է կաթնագեղձի լավ զարգացմանը և բարձր կաթնատվության դրսևորմանը:

 

Դրա հետ մեկտեղ, երինջների (զուգավորված էգ մատղաշ) լավ կերակրումը շատ կարևոր է, քանի որ սկսում է ինտենսիվ աճել և պտուղն արգանդում մեծանում է: Երինջներին օրական տրվում են 5-6 կերի միավորին համարժեք, իսկ հղիության 5 – 6-րդ ամսից սկսած` 6.5 – 7.5 կերի միավորին համարժեք կերեր:

 

Երինջների և ապա առաջին լակտացիայի կովերի լիարժեք կերակրումը նպաստում է նաև դրանց կենդանի զանգվածի ավելացմանը, քանի որ դրանք դեռևս երիտասարդ են և կարող են մեծ չափով ավելացնել կենդանի զանգվածը, օրինակ` զանգվածի 10 կգ-ով ավելանալու դեպքում, կաթնատվությունն ավելանում է 80-100 կգ-ով:

Հետկաթնային շրջանում մատղաշին և երինջներին տրվող հիմնական կերերը տնտեսությունում արտադրվող կոպիտ և հյութալի կերերն են` խոտը, ծղոտը, սիլոսը և այլն, որոնք պետք է կազմեն կերաբաժնի 75 – 80 տոկոսը, իսկ շուրջ 20 – 25 տոկոսի չափով կարելի է տալ խտացրած կերեր: Մսուրային շրջանում մատղաշին կերակրում են օրվա մեջ երկու անգամ` առավոտյան և երեկոյան, տալիս են կոպիտ և հյութալի կերեր, իսկ խտացրած կերերը` առավոտյան:
Կենդանիների մսուրային պահվածքի տեխնոլոգիայի անհրաժեշտ տարրերից է դրանց ամենօրյա զբոսանքի կազմակերպումը` 2 կամ 3 ժամ տևողությամբ: Այն հնարավորություն է տալիս պահպանել կենդանիների առողջությունը, ապահովել դրանց բարձր վերարտադրողական ֆունկցիան, բարձր մթերատվությունը, նաև ավելացնում տնտեսական օգտագործման տևողությունը: Մսուրային շրջանում կենդանիները պետք է ապահովված լինեն նաև խմելու ջրով, որի պահանջը, մեկ կովի հաշվով, կազմում է 65 լիտր, երինջներինը` 40, մատղաշինը` 25, իսկ հորթերի համար պահանջվում է օրական 10 լիտր խմելու ջուր: Ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր» ստանդարտի պահանջներին: Կարևոր նշանակություն ունի նաև կենդանիներին կերակրի աղով ապահովումը: Կենդանին պետք է այն ստանա ամեն օր: Մեկ կովի համար ամսական պահանջվում է 2.5 – 3.0, իսկ մեկ մատղաշի համար` 1.5 – 2 կգ աղ:

 

Հեղինակ` Խաչատուր Սիմոնյան

 

Աղբյուրը`  «Գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոն»

Տպել