Նախարարի առաջին տեղակալն Արագածոտնի մարզում մասնակցել է անասնաբուժական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը

2014-02-11

OՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով իրականացվող միջոցառումների շրջանակում աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ` անասնաբուժության ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը, ինչպես նաև գյուղապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:

 

Ներկայացնելով անասնաբուծության ոլորտում 2014 թվականին Արագածոտնի մարզում գրանցված արդյունքները` Գրիշա Բաղիյանը նշել է, որ վերջին չորս տարիներին այս բնագավառում նկատվում են դրական միտումներ, որոնք նախատեսվում է պահպանել նաև ընթացիկ տարում:

 

Վերլուծելով մարզում անասնաբուժության ընդհանուր իրավիճակը և մատնանշելով ոլորտի թերություններն ու բացթողումները` փոխնախարարը կարևորել է անասնաբույժների պարտականությունների պատշաճ կատարումը: Նա նաև հավելել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզին 2015 թվականին հատկացվել է շուրջ 60 մլն դրամ ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու համար:

 

Անդրադառնալով մարզում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների, մասնավորապես բրուցելյոզի կանխարգելմանը` նա ընդգծել է հիվանդության հայտնաբերման վաղ շրջանում հիվանդ կենդանիների մեկուսացման և սպանդի ենթարկման անհրաժեշտությունը:

 

Շեշտելով, որ կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը կարող է նպաստել նաև բակային մորթի աստիճանական սահմանափակումը ժամանակակից սպանդանոցների կառուցման միջոցով` Գրիշա Բաղիյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի վերջին հանրապետությունում շահագործման են հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած 5 սպանդանոց, որոնցից մեկը` Արագածոտնի մարզում: Նրա խոսքով` հետագայում նախատեսվում է նման սպանդանոցներ հիմնել բոլոր մարզերում:

 

Այնուհետև փոխնախարարը այցելել է անասնաբուժական մարզային լաբորատորիա և Արտաշավան համայնքի նորաբաց անասնաբուժական սպասարկման կենտրոն, որը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել