Նախարարի առաջին տեղակալը մասնակցել է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին
2015-02-05
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը մասնակցել է փետրվարի 3-5-ը Երևանում ընթացող «Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի և համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման և կանխարգելման նպատակով ուսուցման տրամադրում, մեթոդների և ռազմավարությունների իրականացում» TAP-A1 տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին:
Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակում, որն իրականացնում է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը` համագործակցելով ՀՀ կառավարության հետ: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը մեր երկրի անասնաբուժության և առողջապահության ոլորտները Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական սկզբունքներին համապատասխանեցնելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանում հատուկ վտանգավոր պաթոգենների հայտնաբերման, ախտորոշման և արձագանքման համակարգերի հզորացմանը:
Հանդես գալով ողջույնի խոսքով` Գրիշա Բաղիյանը բարձր է գնահատել Հայաստանում ծրագրի շրջանակներում ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը` հատկապես առանձնացնելով «Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը և հսկողությունը Հայաստանում` ԱՄ-3» և «Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի և համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման և կանխարգելման նպատակով` ուսուցման տրամադրում, մեթոդների և ռազմավարությունների իրականացում` TAP-A1 » ծրագրերը:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է կենսաբանական գիտահետազոտական համագործակցային ծրագրերի իրականացումը, որոնց շրջանակում լուրջ վերապատրաստում են անցնում տարբեր ոլորտի մասնագետներ` լաբորատոր, դաշտային, գիտական և այլն, ձեռք բերելով մասնագիտական բարձր գիտելիքներ և հմտություններ: Սա թույլ կտա բարձրացնել մեր երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի հայտնաբերման և դրա դեմ պայքարի արդյունավետությունը»,-նշել է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:
Ներկայումս «Խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը և հսկողությունը Հայաստանում ԱՄ-3» ծրագիրը եզրափակիչ փուլում է: Ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն կընձեռեն ստանալ հավաստի տվյալներ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության համաճարակաբանական կարգավիճակի վերաբերյալ, և այդ հիվանդության նկատմամբ սահմանել արդյունավետ հսկողություն:
Գ. Բաղիյանը կարևորել է նաև մեկնարկվող՝ TAP-A1 ծրագիրը, որը համարվում է տարածաշրջանային ծրագիր, և դրա իրականացմանը կմասնակցեն Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի համապատասխան կառույցները: Ծրագիրն ուղղված է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերահսկման, կանխարգելման և համաճարակաբանության վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով ուսուցման կազմակերպմանը։Ծրագրի շրջանակներում կմշակվի խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հսկողության և պայքարի ընդհանուր ռազմավարություն, որն էլ իր դրական ազդեցությունը կունենա ողջ տարածաշրջանի համար։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին