Մեկնարկել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները. Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր
2015-01-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:
Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մարզային այցելություններ` ոլորտին առնչվող խնդիրները տեղի պատասխանատուների հետ քննարկելու և համատեղ ջանքերով դրանց առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով:
«Արարատի մարզում գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում 2014 թվականի արդյունքներով գրանցվել են գոհացուցիչ ցուցանիշներ և հստակ դրական տեղաշարժեր, արձանագրվել է ցանքատարածությունների ավելացում և գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, բացառությամբ պտղի: Սակայն մենք գյուղատնտեսության ոլորտում ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն անգամ եռապատկելու մեր արտադրության ծավալները և զգալիորեն ավելացնելու արտահանումը»,- իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ` ամենամեծ ձեռքբերումը մարզի համար վարելահողերի արդյունավետ օգտագործումն է, մասնավորապես առկա 25382 հեկտար վարելահողերից անցյալ տարվա օպերատիվ տվյալներով մշակվել է 22983 հա, իսկ 2015 թվականին ըստ կանխատեսումների կմշակվի 23763 հա` նախորդ տարվանից 780 հեկտարով ավել։ Ըստ օպերատիվ տվյալների` 2014 թվականին արտադրվել է շուրջ 341.0 հազար տոննա բանջարեղեն, իսկ 2015թ․ ըստ կանխատեսումների կարտադրվի 348․5 հազար տոննա, որը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը 7.5 հազար տոննայով։ Մարզում հատկապես բարձր է հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը, ինչը նպաստում է երկրի պարենային ապահովության խնդրի լուծմանը: Անցյալ տարվա տվյալներով 1 հա-ից ստացվել է 46,2 ց բերք, ինչն առաջին ցուցանիշն է հանրապետությունում:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ դատելով ընթացիկ եղանակային պայմաններից` հավանական է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի ավելի վաղ սկսելու անհրաժեշտություն առաջանա, ուստի հարցն այս պահին խիստ հրատապ է: Նախարարի հավաստմամբ, առաջին իսկ պահանջի դեպքում պետք է գյուղացիական տնտեսությունները ապահովվեն ոռոգման ջրով: Խնդրի հետ կապված հանձնարարական է տրված ոռոգման համակարգի պատասխանատուներին արդեն իսկ մարտի 1-ին ամբողջությամբ պատրաստ լինել ոռոգման սեզոնին, որպեսզի ջրօգտագործման հետ կապված խնդիրներ չլինեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ շարունակվելու են ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմացուների տրամադրման պետական աջակցության ծրագրերը, և գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկը կառավարությունն ամբողջությամբ բավարարելու է: Այնուամենայնիվ պետք է ուշադրություն դարձնել ներկայացված պահանջարկի ամբողջական իրացման և դրանց դիմաց գումարների ժամանակին հավաքագրելու վրա:
Նիստի ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվեց Երասխ գյուղի ֆերմեր Հարություն Խաչատրյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:
Նախարարն այնուհետև այցելել է Մխչյան գյուղի առաջին պոմպակայան, հետևել նախա-
պատրաստական աշխատանքների ընթացքին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին