ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին
2014-09-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը:
Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը` ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար», – անդրադառնալով վերոգրյալ ծրագրին` ասել է նախարարը:
Իր հերթին դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի համար և տեղեկացրել, որ ծրագրի համար պահանջվող սարքավորումների վերջին խմբաքանակը շուտով կառաքվի Հայաստան:
Պատվիրակության անդամ, սպանդանոցների համար սարքավորումների մատակարար պարոն Գ. Հացիոկիմիդիսը հավելել է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն հույն մասնագետներ` սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու և հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնելու համար:
Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Հունաստանի Հանրապետության Նախագահի առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունները նախատեսում են ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, այցի ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել հայ և հույն գործարարների բիզնես-հանդիպում:
Զրույցի ավարտին կողմերը գոհունակություն են արտահայտել իրականացվող ծրագրերի ընթացքի առնչությամբ և ցանկություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին