Հաճախ տրվող հարցեր

  • 1. Ի՞նչ պայմաններ են գործում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար և որքանո՞վ արդյունավետ են դրանք պաշտպանում կարկուտից:
  • «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման  համար տրամադրվում  են 7 տարի մարման ժամկետով, տարեկան 2% տոկոսադրույքով վարկեր։ Կարկտապաշտպան ցանցերը գրեթե 100%-ով պաշտպանում են  այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում: Կարկտապաշտպան ցանցերի համար ներդրվող գումարը միանգամայն արդարացված է և համարվում է որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք: Խաղողի հակակարկտային ցանցերի համար կատարված հաշվարկային գնահատականները ցույց են տալիս, որ կարկտահարությունից տարեկան բերքի 45% կորստի դեպքում վնասի չափը ծրագրի իրականացման ժամանակահատվածում (7 տարի) ավելի քան 2.6 անգամ գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման ծախսերը, իսկ բերքի 30% կորստի դեպքում վնասի չափը շուրջ 75.0%-ով գերազանցում է հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման ծախսերը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 2. Ինչո՞վ է տարբերվում ինտենսիվ այգին ավանդական այգում և ի՞նչ պայմաններ են գործում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրից օգտվելու համար։
  • Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում  են 2% տոկոսադրույքով վարկեր կամ փոխհատուցվում են կատարված ծախսերը (50%-ի չափ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին, 40 %-ի չափով մնացած շահառուներին ): Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը տրամադրվում է 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետ՝ 8 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի։ Ինտենսիվ այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի և ձևավորման նոր ձևերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով և այլն, որը այգու լրիվ բերքատվության մեջ  մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը: Ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման ու կարկտապաշտպան ցանցային համակարգերով:Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 3.Որո՞նք են գյուղատնտեսության ոլորտին  հատկացվող 3-15 մլն դրամի չափով սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանները:
  • «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում շահառուներին  տրամադրվում են  3-15 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված  սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 0 %: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրին միացած ֆինանսական կառույցներին, որոնք են` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը,  «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն , «Կամուրջ» ՈԻՎԿ-ն,  Կոնվերս բանկը, «Անիվ» ՈԻՎԿ-ն և «Ագրոլիզինգ» ՍՊԸ-ն: Ծրագրին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 4.«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ի՞նչ  գյուղտեխնիկա է հնարավոր ձեռք բերել և ի՞նչ պայմաններով:
  • Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ,տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:Մասնավորապես կոմբայնների համար նախատեսվում է 10, տրակտորների համար` 6, հավաքիչ-մամլիչների և շարքացանների համար` 3-6, իսկ այլ գյուղգործիքների համար` 3 տարի մարման ժամկետ:  Շահառուներին իրազեկելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է ծրագրի վերաբերյալ առանձին բաժին, որում տեղակայված  է տեղեկատվություն լիզինգի տրամադրման պայմանների, լիզինգային ընկերությունների և մատակարար կազմակերպությունների վերաբերյալ, տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:
  • 5.Ովքե՞ր կարող են դառնալ գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ:
  • Համաձայն «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի` կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական և տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ: Գյուղատնտեսական կոոպերատիվների վերաբերյալ հաճախ տրվող հարցերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 6. Որո՞նք   են Արարատյան հարթավայրի բանջարային բույսերի ցանքի և սածիլման ժամկետները
  • Յուրաքանչյուր կուլտուրայի ցանքի լավագույն ժամկետը այն է, երբ հողում սերմերի ծլման համար պահանջվող նվազագույն ջերմաստիճան է լինում:Բանջարեղենի ցանքի և ծլման համար կարելի է սահմանել հետևյալ ժամկետները՝ վաղ գարնան ցանք, գարնան ցանք, ամռան ցանք, աշնան ցանք և ձմեռնամուտի ցանք (դոնդուրմա):Բանջարային բույսերի բազմազանության և կենսաբանական տարբեր առանձնահատկությունների Արարատյան հարթավայրի պայմաններում պատճառով նրանց ցանքը կատարվում է տարբեր ժամկետներում:Վաղ գարնանացանը Արարատյան դաշտում սկսվում է ձյունը  հալչելուց անմիջապես հետո և տևում է մինչև ապրիլի վերջը:  Այդ ժամկետում դաշտ են փոխադրում բոլոր երկամյա բույսերի սերմնակալները (գազար, բողկ) և վաղահաս կաղամբի սածիլները, այնուհետև ցանում են սոխ, գազար, ճակնդեղ, սպանախ, ամսաբողկ, ոլոռ, հազար, դդմիկ, և կանաչեղեն:Գարնանը ցանքը տևում է ապրիլի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են վարունգ, սեխ, ձմերուկ, լոբի, բամիա ռեհան, կոռթին և դաշտ են փոխադրում պոմիդորի, տաքդեղի, բադրիջանի և ուշահաս կաղամբի սածիլներ:Ամռանը ցանքը տևում է հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են տարեկան բողկ,և կրկնացան վարունգ, լոբի, դդմիկ (աշնանը բերքը հավաքելու համար):Աշնան ցանքը տևում է սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ ժամանակամիջոցում ցանում են սոխ, սպանախ, կոտեմ, համեմ, պռասասոխ և մաղադանոս՝ հաջորդ տարվա վաղ գարնանը բերք ստանալու համար (բույսերը ձմեռում են բաց դաշտում):Ձմեռնամուտի ցանքը կատարում են այն ժամանակ, երբ հողի 5 սմ խորության շերտում ջերմությունը 3-40 է, իսկ դրսում օդի կայուն ջերմաստիճանը 3-50-ից չի բարձրանում: Ձմեռնամուտի ցանքը պետք է կատարել այնպես, որ սերմերը ծլեն միայն գարնանը՝ հողը տաքանալուն զուգընթաց: Ցանում են սոխ, գազար, սպանախ և բոլոր կանաչեղենները:
  • 7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ո՞ր գոտիներում  կարելի է մշակել ոլոռ:
  • Ոլոռ կարելի է մշակել Սևանի ավազանի,  Կենտրոնական, Շիրակի, Լոռի-Փամբակի, Ապարան-Հրազդանի, հյուսիս–արևելյան և Զանգեզուրի գոտիներում, ինչպես սերմ, այնպես էլ կանաչ զանգված և ունդեր ստանալու համար: Ոլոռը ցրտադիմացկուն է, սերմերն սկսում են ծլել 1-20 ջերմության պայմաններում: Ծիլերն ընդունակ են դիմանալու -8-120 սառնության պայմաններում: Ոլոռի ցանքի նորման է 1 հա-ին 1.0-1.1 մլ ծլունակ սերմ:
  • 8.Որո՞նք են կաթիլային ոռոգման համակարգի առավելությունները:
  • Ջրերն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունը կաթիլային ոռոգման ամենադրական բնութագրերից մեկն է. ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կազմում է ավելի քան 50%։ Բացի այդ, ոռոգման կաթիլային եղանակը.   1) թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում, պարարտանյութերի ծախսը կրճատվում է 50%-ով, 2) ոռոգման տարածքի սահմանափակ խոնավեցումը չի խանգարում գյուղատնտեսական մեքենաների աշխատանքին, ոռոգումից հետո հողի չորացմանը սպասելու անհրաժեշտություն չի առաջանում, բոլոր գյուղատնտեսական աշխատանքները կարելի է անցկացնել օպտիմալ ժամանակում, 3) բացառում է մակերևութային հոսքը, այսինքն` կանխում է հողի ջրային էրոզիան, հետևաբար այսպիսի ոռոգման համակարգը կարելի է օգտագործել անգամ զառիթափ լանջերում, անհարթ հատվածներում, ոչ կանոնավոր հողատարածքներում և այլն, 4) քանի որ միջշարային տարածությունը մնում է չոր, հեշտանում է պայքարը մոլախոտերի դեմ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվում ոռոգման ցանցի միջոցով օգտագործել հերբիցիդներ առանց ավելորդ աշխատանքների, 5)  վեգետացիոն զանգվածի և պտղի խոնավեցում տեղի չի ունենում, ինչն ունի էական նշանակություն հիվանդությունների կանխման և բարձրորակ բերքի ստացման գործում և այլն։
  • 9.Հնարավո՞ր է արդյոք լիզինգով ձեռք բերել նաև ագրոպարենային ոլորտի սարքավորումներ։
  • 2018 թվականի հուլիսից մեկնարկել է «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հա­մար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450.0 մլն դրամը։
    Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Ծրագրին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 10Աջակցու՞մ է արդյոք Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին գյուղմթերքի իրացման հարցում։
  • Սկսած 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող տարածքում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվում է գյուղատնտեսական տոնավաճառ։  Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:
  • 11.Ո՞ր բնագավառներում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը հաշվառում  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար դիմած անձանց։
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունը հաշվառում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար դիմած անձանց, հետևյալ բնագավառներում`  անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն,  բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք, թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն, խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն:
  • 12.Ի՞նչ աջակցության ծրագրեր է իրականացնում նախարարությունը անասնաբուծության ոլորտում:
  • Այս տարի նախարարությունը մեկնարկել է երկու ծրագիր՝ ուղղված անասնաբուծության ոլորտի զարգացմանը։  Դրանք են «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» և «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը։ Առաջին ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։ Երկրորդի դեպքում՝ հնարավորություն է ընձեռվում ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • 13. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ բուսական ծագման մթերքի արտահանման համար:
  • ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

    - ծագման երկիրը,

    - ապրանքի անվանումը,

    - արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

    - արտահանողի անվանումը և հասցեն,

    - ստացողի անվանումը և հասցեն,

    - պահման ժամկետը, ջերմաստիճանը:

    Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:

    Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝

    1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր, 

    արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,

    2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR

    3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,

    4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,

    5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,

    6.  ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։

    Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

    Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012) 90-60-90 և (010) 20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ ssfs@ssfs.am, ինչպես նաև այցելել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սպասարկման կենտրոն։

    Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060) 54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` secretariat@petekamutner.am:

Տպել