Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2014 թվականի անցած ամիսների ընթացքում կատարված ու կատարվելիք ծրագրերի ու աշխատանքների մասին
2014-08-22
2014 թվականի անցած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում նպատակաուղղվել է առկա ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, ոլորտի տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ոլորտում օգտագործվող կարևորագույն նյութական ռեսուրսների և վարկերի մատչելիության բարձրացմանը, իրացման հիմնախնդրի մեղմմանը և այլ առաջնահերթ խնդիրների լուծմանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների գյուղատնտեսությունում ընթացիկ տարվա անցած ամիսներին, չնայած բնական աղետների պատճառած վնասների, ընդհանուր առմամբ ոլորտում առկա են դրական տեղաշարժեր: 2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316.1 մլրդ դրամ, որը 3.2 %-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ հունվար-մայիս ամիսներին աճի տեմպը կազմել է 5.4 %: Ընդ որում համախառն արտադրանքի աճի տեմպի նվազումը գլխավորապես պայմանավորված է աննախադեպ ցրտահարությամբ, որի հետևանքով ընթացիկ տարվա հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծիրանի արտադրությունը կտրուկ կրճատվել է: Մնացած մշակաբույսերի համար գրանցվել է արտադրության ծավալների էական աճ:
Ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերումներից է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը, ըստ պաշտոնական տվյալների ցանքատարածությունները կազմել են 332.7 հազ. հա, գերազանցել են նախորդ տարվա մակարդակը շուրջ 14.6 հազ. հեկտարով, որի պայմաններում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը կազմում է 74.2 %, նախորդ տարվա 71.0 %-ի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում նշված ձեռքբերումները հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի հետ մեկտեղ արդյունք են նաև ոլորտում իրականացված մի շարք պետական ծրագրերի: Մասնավորապես, կատարվել են հետևյալ աշխատանքները:
Բուսաբուծություն
Ճյուղում իրականացվել են հետևյալ հիմնական ծրագրերը:
«ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում 2014 թվականի բերքի համար 2013 թվականին աշնանացանի ցանքեր իրականացնելու նպատակով ՌԴ-ից ներկրվել է աշնանացան ցորենի 440 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, ինչպես նաև ծրագրի պայմաններով շահառուներից հետ է վերադարձվել և գնվել 3809 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Բավարարվել է մարզերից ստացված հայտերի ամբողջ պահանջարկը:
Գարնանացան մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի ապահովվածության մակարդակի բարձրացմանն է ուղղվել «ՀՀ 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման»ծրագիրը, որի շրջանակներում ՌԴ-ից հանրապետություն է ներկրվել 1906․3 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168․35 տոննա` կապույտ առվույտի, 169․96 տոննա` կորնգանի և 23․44 տոննա` եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողից գնվել է 150 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու: Ծրագրի իրականացմանն է ուղղվել 1 միլիարդ 218 միլիոն դրամ:
Սերմացուի 1 կիլոգրամը հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից 50 % ցածր գներով: Հանրապետության մարզերի պահանջարկը բավարարելուց հետո սերմացուների մնացորդը` 1239.1 տոննա գարնանացան գարու, 18.8 տոննա եգիպտացորենի, 126.9 տոննա առվույտի և 44.5 տոննա կորնգանի, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հատկացվելու է գյուղատնտեսությունում տնտեսավարողներին` 2015 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացման համար:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների հաջող իրականացման համար կարևոր նախադրյալներից է հանքային պարարտանյութերի մատչելիության խնդրի լուծումը, վերջինիս է ուղղվում «Հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 33822 տոննա ազոտական, 2645 տոննա ֆոսֆորական և 1619 տոննա կալիումական պարարտանյութեր: Ընդ որում, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը վերջին տարիներին ներկրվում են առաջին անգամ: Պարարտանյութերը վաճառվելու են շուկայականից 40-50 %-ով ցածր գներով: Ծրագրի իրականացմանն է ուղղվել 1 միլիարդ 829.7 միլիոն դրամ սուբսիդիա:
Ընթացիկ տարվա օգոստոսի 22-ի դրությամբ մարզերում իրացվել են 28690.3 տոննա ազոտական, 1128.6 տոննա ֆոսֆորական և 576.1 տոննա կալիումական պարարտանյութեր։
Գյուղատնտեսական աշխատանքների ագրոտեխնիկական ժամկետներում իրականացման համար կարևորվում է «Հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հանրապետության հողօգտագործողներին գյուղական համայնքներում տրամադրվում է 17 միլիոն 640 հազար լիտր դիզելային վառելանյութ, 1 լիտրը 350 դրամ` շուկայականից 25-26 %-ով ցածր գնով, ներառյալ տեղափոխման ծախսերը:
Ծրագրի իրականացմանն է ուղղվել 1 միլիարդ 260 միլիոն դրամ սուբսիդիա:
Ընթացիկ տարվա օգոստոսի 22-ի դրությամբ մարզերում իրացվել է 8 մլն 90.8 հազար լիտր դիզելային վառելանյութ:
Նշված ռեսուրսների ներկրումը և բաշխումն ընթացքի մեջ է և այն ծրագրերով կավարտվի մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը։
Վերը նշված ռեսուրսների մատակարարման ծրագրերով սուբսիդավորման գումարը կազմում է 4.307 մլրդ դրամ:
«2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում 2014 թվականին աշնանացանի համար նախատեսված է տեղական սերմարտադրողներից գնել մինչև 320 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու և ծրագրի շրջանակներում հետ վերադարձման ենթակա 40 տոննա էլիտային վերարտադրության սերմացուների հետ միասին հատկացնել 2014 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներին՝ հաջորդ տարի 1։2 փոխհարաբերությամբ առաջին վերարտադրության սերմացու հետ վերադարձնելու պայմանով։ Նախատեսված է նաև տեղական սերմարտադրողներից գնել մինչև 2910,8 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու և ծրագրի շրջանակներում վերադարձման ենթակա 1086,2 տոննա առաջին վերարտադրության սերմացուի հետ միասին մատչելի պայմաններով (բերքահավաքից հետո փոխհատուցումով) հատկացնել մինչև 3 հա հողատարածքի վրա ցանք կատարել ցանկացող գյուղացիական տնտեսություններին։
Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի երաշխավորված բերքի ապահովման և կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծման համար կարևորվում է «Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրը»: Մասնավորապես, պայքար անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ բաղադրիչի շրջանակներում հանրապետության Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում պայքարի աշխատանքներ են իրականացվել 6300 հա անտառային տարածքներում:
Պայքարի աշխատանքներ են իրականացվել նաև մորեխների դեմ:
Նախարարության ընթացիկ տարվա կարևորագույն խնդիրներից է եղել Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմակերպումը: Աշխատանքներ են տարվել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականոց ցեց վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների կազմակերպման նպատակով ֆերոմոնային թակարդների օգնությամբ մոնիթորինգի և պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ: Կատարված աշխատանքների շնորհիվ, հիմնավորված պայքարի միջոցների և ժամկետների կիրառման արդյունքում, էականորեն նվազել է գյուղատնտեսական մշակաբույսերին միջատների պատճառած վնասը:
Հաշվետու ժամանակահատվածում միջոցառումներ են ձեռնարկվել բնական աղետների հետևանքների մեղմման ուղղությամբ:
2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցրտահարության հետևանքով վնասվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 287 համայնքների 31716 գյուղացիական տնտեսության շուրջ 9185 հա այգետարածքներ, հիմնական վնասը կրել են ծիրանի այգետարածքները, հանրապետության 8890 հա բերքատու ծիրանի այգիներից շուրջ 6711 հեկտարը ցրտահարվել է։
Ցրտահարության պատճառած վնասներն մեղմելու նպատակով մարզպետարաններից ներկայացված պաահանջների հիման վրա հողօգտագործողներին անհատույց հատկացվել են 85 մլն դրամ արժեքով լոլիկի՝ 292.2 կգ, վարունգի՝ 566.5 կգ, ձմերուկի՝ 1117,1 կգ և սեխի՝ 190,5 կգ սերմացուներ, որով ցանք է կատարել ավելի քան 3300 հա տարածության վրա։
ՀՀ կառավարության 2014թ ապրիլի 10-ի N 396-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում իրացվող գարնանացան գարու սերմացուի արժեքը 200 դրամից իջեցվել է 130 դրամի։ Նույն որոշմամբ ՀՀ մարզերում թույլատրվել է ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել առանց սահմանափակումների։
2014թ մայիսի 24-ին տեղի ունեցած կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ Լոռու մարզում տուժած 11 համայնքների հողօգտագործողներին հատկացվել է 95.25 տոննա ազոտական պարարտանյութ և 7620 լիտր դիզելային վառելանյութ, որի դիմաց վճարումները կատարվելու են մարզպետարանի կողմից՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարներով։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին տեղի ունեցած կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ Շիրակի մարզում տուժած 34 և ՀՀ Լոռու մարզում տուժած 15 համայնքներում «ՀՀ-ում 2010-2014թթ ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում 2013թ․ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած թվով 1822 և 2014թ․ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի հայտ ներկայացրած թվով 3650 տնտեսավարողների կողմից հետ վերադարձման ենթակա գումարների հավաքագրման հարցը հետաձգվել է, և կքննարկվի 2015թ․ հուլիս ամսին։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից, վարկավորող կազմակերպությունների հետ, անցկացվել են քննարկումներ, որոնց արդյունքում հանձնարարվել է վարկերի վերադարձման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում վարկառուներին ցուցաբերել անհատական մոտեցում՝ վարկերի պայմանների վերանայման (բարելավման) ուղղությամբ:
«ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 19-ի N 363-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2014թ․ ապրիլի 10-ի N 532-Ն որոշմամբ, ցրտահարությունից և փոթորկից տուժված համայնքներին պետական անհատույց աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին հատկացվել է 526.897 մլն դրամ՝ հողի և ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով։
Անասնաբուծություն
Անասնագլխաքանակի ավելացումը կարևոր նախադրյալ հանդիսացավ անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավորների գլխաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 2.5 %-ով, այդ թվում` կովերինը 2.1 %-ով, մանր եղջերավորներինը` 6.3 %-ով:
2014 թվականի առաջին 7 ամիսներին արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության զգալի աճ: Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին անասնապահության համախառն արտադրանքը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 6.3 %-ով:
2014 թվականի առաջին 7 ամիսներին հանրապետությունում ապրանքային ձկան արտադրությունը կազմել է 8300 տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 30 %-ով, իսկ ձկան արտահանման ծավալը կազմել է 1450 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 400 տոննայով կամ 35 %-ով:
Աշխատանքներ են տարվել Արարատյան հարթավայրի 1 կամ 2 ձկնաբուծարանում ջրի խնայողական համակարգի ներդրման ուղղությամբ:
Անասնաբուժություն
Ընթացիկ տարում աշխատանքներ են տարվել բրուցելոզով հիվանդ կենդանիների բացահայտման և հետևանքների մեղմման ուղղությամբ:
Ախտորոշման արդյունքում հետազոտված խոշոր եղջերավոր կենդանիներից 3284 գլուխը կամ 0.86 %-ը և մանր եղջերավոր կենդանիներից 1582 գլուխը կամ 0.47 %-ը հանդիսացել են բրուցելոզով հիվանդ կենդանիներ:
Հիվանդության ամենաբարձր ցուցանիշները խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում արձանագրվել են ՀՀ Կոտայքի մարզում (1663 գլուխ):
2014 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ բրուցելոզով հիվանդ բոլոր մանր եղջերավոր (1582 գլուխ) և բոլոր խոշոր եղջերավոր (3284 գլուխ) կենդանիները ենթարկվել են սանիտարական սպանդի:
ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում սահմանվել է կարանտին: Տեղակայված են կարանտին հսկողության կետեր և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:
Ներկայումս, ընթանում է կարանտին հսկողության 2-րդ փուլը, որի ընթացքում նմուշառվել է 552 կենդանի, որոնցից 120-ը հանդիսացել են պայմանական հիվանդ:
Անասնապահության ճյուղի կայունության և ազգաբնակչությանն առողջության համար անվտանգ անասնապահական ծագման մթերքներով ապահովման գործում կարևորվում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, որի շրջանակներում անասնահակահամաճարակային միջոցառումների իրականացման համար ձեռք են բերվել ընդհանուր առմամբ 8.7 մլն դոզա բուժկանխարգելիչ միջոցներ: Ծրագրի շրջանակներում պատվաստանյութերի, ախտորոշիչ և ախտահանիչ միջոցների ձեռք բերմանն է ուղղվել 576.2 մլն դրամ:
Համայնքային անասնաբույժ-մասնագետների կողմից իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների 6.7 մլն անասնահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումներ:
Անասնապահության զարգացման համար առանձնակի կարևորվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացումը:
Նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերամշակման կարողությունների ստեղծման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական և տոհմային աշխատանքների բարելավման և այլ միջոցներով։ Ծրագրի առանցքային դրույթներից է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և դրանց գործունեությանը նպաստելու միջոցով մրցունակ անասնապահության զարգացման համար նախադրյալների ստեղծումը:
ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) ծրագրով նախատեսված 55 համայնքի փոխարեն աշխատանքներ են իրականացվում լրացուցիչ ևս 35 համայնքում:
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները`
-նշված մարզերի 90 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ ու «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովներ,
-52 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները (135 կմ ջրագիծ, 169 հատ խմոց),
-11 համայնքում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման փուլում (30 կմ ջրագիծ, 35 հատ խմոց),
-57 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 383 միավոր գյուղտեխնիկա, որից 86 անիվավոր տրակտոր, 55 մամլիչ-բարդոցիչ և 242 միավոր այլ գյուղգործիքներ (ծրագրի ավարտին նախատեսվում է մատակարարվող գյուղատնտեսական տեխնիկայի թիվը հասցնել 500 միավոր, որից 120 միավոր տրակտոր),
-6 մարզերի 69 համայնքի համար ավարտվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում միայն 2014 թվականի առաջին կիսամյակում կատարվել են հետևյալ աշխատանքները.
-ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 23 համայնքում հիմնադրվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ ու «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովներ,
-4 համայնքում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները (12 կմ ջրագիծ, 7 հատ խմոց),
-10 համայնքում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման փուլում (27 կմ ջրագիծ, 33 հատ խմոց),
-25 համայնքի արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են շուրջ 61 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 14 անիվավոր տրակտոր և 47 միավոր այլ գյուղգործիքներ,
-ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ, ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում իրականացվում են անասնաբուժական սպասարկման կենտրոնների շինարական աշխատանքներ:
Ընթացիկ տարում նախատեսված է ծրագրի իրականացմանն ուղղել 4.3 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ, ներկայումս կատարվել է 2.7 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Ագրովերամշակում և իրացում
Ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով աշխատանքներ են տարվել գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման ուղղությամբ:
Սկսվել են պտուղ բանջարեղենի մթերումները և 2014 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ մթերվել է 7759.9 տոննա բանջարեղեն և 1677.9 տոննա պտուղ: Բանջարեղենի մթերումների ծավալները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 46.0 %:
Մթերումների նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև դրանց արտահանման և վաճառքի աջակցության ուղղությամբ:
2014 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 29.6 հազ. տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ:
Հունիսի 8-ից վերսկսվել են Երևան քաղաքի Կասյան փողոցում գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի աշխատանքները, իսկ օգոստոսի 2-ին «Կենտրոն» վարչական շրջանում «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում բացվել է երկրորդ տոնավաճառը: Պահանջարկի առկայության դեպքում տոնավաճառ կգործարկվի նաև այլ վայրում:
Գյուղատնտեսական մթերքների և այլ պարենային ապրանքների արտահանումը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն խթանելու նպատակով, ներկայումս նախարարության կողմից մշակվում է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների 2014-2016 թթ. արտահանման խթանման ծրագրի նախագիծ, որը ներառելու է նաև տեղական արտադրության ընդլայնմանն ուղղված միջոցառումներ:
Գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման կարևորագույն գործիքներից է «Գյուղատնտեսությունում տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» իրականացումը:
2011թ. ապրիլից մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվել է 62.1 մլրդ դրամի շուրջ 70.7 հազ. վարկ, սուբսիդավորման գումարը նշված ժամանակահատվածում կազմել է 1.89 մլրդ դրամ: Ծրագիրը շարունակվում է:
Գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածություն
Նախարարության կողմից մշակվել են Հայաստանի Հանրապետությունում կոմբայնների ներկրման և շահագործման հայեցակարգային մոտեցումները և ներկայացվել ՀՀ կառավարություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գյուղատնտեսական տեխնիկա արտադրող բելառուսական ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում 2013-2014 թվականներին հանրապետություն է ներկրվել և ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ուղղակի վաճառքի ու լիզինգային եղանակով շուկայականից անհամեմատ ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին և անհատներին է տրամադրվել 220 հատ «ՄՏԶ 82.1» մակնիշի տրակտորներ և 130 միավոր տարբեր գյուղատնտեսական գործիքներ:
ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից աշխատանքներ են իրականացվում 8 միավոր հացահատիկահավաք կոմբայնների և 68 միավոր տրակտորների ներկրման ուղղությամբ:
Նշվածի հետ մեկտեղ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ոլորտի կարողությունների ընդլայնմանը և կայունացմանը:
Իրականացված աշխատանքների հետ մեկտեղ ոլորտի առջև դեռևս ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում հետևյալն են:
1.Կարևոր է համարվում սկսված ծրագրերի շարունակումը և տարվա արդյունքներով նախատեսված ցուցանիշների ապահովումը:
2.Խնդիր է գյուղատնտեսության արդյունքներն ապահովող բերքահավաքի գործընթացին աջակցությունը, մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամկետներով պայմանավորված տեխնիկայի տեղաբաշխման, բուսաբուծական մթերքների իրացման գործընթացին աջակցությունը, արտահանման խթանումը:
3.Առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների կողմից մթերումների նախապատրաստման, այդ բնագավառում պայմանագրային հարաբերությունների ընդլայնման աջակցությունը և արդյունքում մթերումների գործընթացի սահուն կազմակերպումը:
4.Առաջնահերթ է համարվելու բարձր լեռնային և սահմանամերձ գյուղական համայնքներում գյուղատնտեսության զարգացման խնդիրների լուծումը:
5.Կկարևորվի գյուղատնտեսությունում օգտագործվող առաջնահերթ ռեսուրսների (հանքային պարարտանյութերի տարբեր տեսակների և դիզելային վառելանյութի) մատչելիության բարձրացման աջակցության ծրագրերի ընթացքի և տարվա կտրվածքով նախատեսված մատակարարումների ծավալների ապահովումը:
6.Հողային ռեսուրսների նպատակային օգտագործման վիճակի բարելավման, հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացման առումով կարևորվում է աշնանացան ցորենի սերմնաբուծության, սերմապահովության, սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերի հացահատիկային մշակաբույսերի սուբսիդավորման ծրագրերի իրականացումը:
7.Առաջնահերթ խնդիր է անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, մասնավորապես, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը, արհեստական սերմնավորման գործընթացում արդյունավետ մեխանիզմների և տեխնոլոգիաների ներդրումը:
8.Կարևոր խնդիր է մարդկանց և կենդանիների համար վտանգավոր համարվող հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումների շարունակումը և նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների ծավալների ապահովումը և դրանց իրականացման մեխանիզմների կատարելագործումը:
9.Գյուղատնտեսության խնդիրների լուծման առումով կարևորվում է վարկերի մատչելիության բարձրացման ծրագրերի շարունակումը, մասնավորապես վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի երկրորդ փուլի իրականացումը և այդ ծրագրի շարունակականության ապահովումը` ընդլայնված ծավալներով և կատարելագործված մեխանիզմներով:
10.Առաջնահերթ խնդիրներից է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսավարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետության բարձրացումը:
Անասնապահության ճյուղի զարգացման, բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, տնտեսավարման կոոպերատիվ ձևի առավելությունների օգտագործման առումով կարևորվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շարունակումը և ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստումը:
11.Առաջնահերթ խնդիր է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և քայլերի ձեռնարկումը:
12.Կարևորվում է գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության, մասնավորապես մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման աշխատանքների կազմակերպումը:
Խնդիրների շրջանակը նշվածով չի սահմանափակվում, դրանք առավել շատ են և իրենց հետևողական լուծումներն են պահանջում: