Հայաստանում ընթացքի մեջ է մթերման և արտահանման գործընթացը

2014-08-14

Chosen_06Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի գլխավոր թողարկմանն Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակիչները մտահոգություն էին հայտնել դեղձի բերքի իրացման հնարավորության վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը երեկ այցելել էր երկու վերամշակող ընկերություններ` «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ և «Բորոդինո» հայկական պահածոների գործարան ՍՊԸ` տեղում ծանոթանալու մթերումների կազմակերպման ու դրանց իրականացման ընթացքի հետ:

 

Այցի ընթացքում Ռոբերտ Մակարյանը վերոնշյալ ընկերությունների ղեկավարության հետ քննարկել է մթերումների կազմակերպմանն ու դրանց արդյունավետության ապահովմանն առնչվող խնդիրները, այդ ենթատեքստում հատկապես կարևորելով գյուղացիներին ժամանակին վճարումները կատարելու հարցը:

 

Հանդիպման ընթացքում փոխնախարարը տեղեկացել է, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ մթերումների դիմաց բոլոր վճարումները կատարում է ժամանակին, իսկ «Բորոդինո» հայկական պահածոների գործարանը արդեն ունի համապատասխան պայմանավորվածություններ մթերվող գյուղմթերքի դիմաց ժամանակին վճարումները կատարելու վերաբերյալ:

 

Ռոբերտ Մակարյանը այցելել է նաև մարզի Այգեստան համայնք, որտեղ գյուղապետի և «Սպայկա» ընկերության ներկայացուցչի հետ շրջել է դեղձի այդգիներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգոստոսի 14-ից «Սպայկա»-ն այդ համայնքից կիրականացնի դեղձի խոշորածավալ մթերումներ և արտահանում:

 

 

Տպել