Ինչպե՞ս պաշտպանել ոչխարներին պտուտախտից
2014-06-27
Պտուտախտը կամ ուղեղային ցենուրոզը, որոճողների, հատկապես մանր եղջերավոր անասունների խիստ տարածված, մակաբուծային հիվանդություն է:
Հիվանդությունը ոչխարների մոտ հարուցում են շնազգիների բարակ աղիներում մակաբուծվող տափակ, մինչև 1մ երկարություն ունցող որդի թրթուրները:
Շնազգիների` գայլ, շուն եւ այլն, բարակ աղիներում մակաբուծվող տափակ որդը, պարբերաբար, կղանքի հետ արտաքին միջավայր է արտազատում հարուցչի ձվերով լեցուն հատվածները, որոնք, կերի և ջրի հետ ընկնելով որոճողների մարսողական օրգանները, անցնում են արյան հունը և տեղավորվում գանգուղեղում կամ ողնուղեղում: Գանգուղեղում տեղադրված բշտերը կարող են ունենալ մինչև հավի ձվի մեծություն և դեղնասպիտակավուն գունավորում, որի թափանցիկ պատի վրա երևում են կակաչի սերմի մեծության հարուցչի գլխիկները: Բուշտը լցված է լինում հեղուկով: Շնազգիները հիմնականւմ վարակվում են ոչխարների մորթից հետո` խոտանված գլուխն ուտելով:
Մանր եղջերավոր անասուններից բացի, խտուտախտով կարող են վարակվել նաև տավարը, վայրի որոճողները, ձին, խոզը, անգամ` մարդը:
Պտուտախտը տարածված է ոչխարաբուծությամբ զբաղվող երկրներում, որտեղ ոչխարների հոտը պահպանելու համար օգտագործում են շների: Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է նաև մեզ մոտ` Հայաստանում, ինչպես նաև մեր հարևան երկրներում:
Պտուտախտն առավել հաճախ արձանագրվում է գառների, հատկապես նույն տարում ծնվածների մոտ: Հիվանդության հաճախականության կտրուկ բարձրացում նկատվում է խոնավ և անձրևային տարիներին: Որոճողների շրջանում պտուտախտի հիմնական տարածողները հովվապահ և թափառող շներն են, ինչպես նաև` ոչխարների հոտերն ուղեկցող վայրի շնազգիները: Հարկ է նշել, որ պտուտախտից անասնապահությունը յուրաանչյուր տարի կրում է զգալի տնտեսական վնաս:
Հովիվները և անասնատերերը ոչխարների մոտ այս հիվանդությունը հեշտությամբ են հայտնաբերում, քանի որ նշանները խիստ ակնառու են և շփոթել հնարավոր չէ: Հիվանդ գառները դժվարությամբ են տեղից բարձրանում, կերը ուտում են ալարկոտ, քայլվածքը երերուն է, գլուխը` կախ և հոտից հետ են մնում: Նրանք հաճախ գլխով հենվում են պատերին, քարերին, ծառի բներին կամ էլ կատարում են շրջանաձև շարժումներ: Մահից առաջ ընկնում են գետնին և ջղաձգվում: Գանգի հատվածը շոշափելիս զգացվում է ոսկրերի փափկություն: Հիվանդությունը կարող է ձգվել ամիսներով:
Պտուտախտն անհրաժեշտ է տարբերակել արեւահարությունից և ջերմահարությունից: Վերջիններիս դեպքում ոչխարների մոտ բացակայում են շրջանաձև շարժումները, սակայն տեսանելի լորձաթաղանթները լինում են խիստ կարմիր և մարմնի ջերմությունը` բարձր: Այս հիվանդությունը պետք է տարբերակել նաև էսթրթզից` քթախոռոչային բոռից, որի ժամանակ, սակայն քթից առկա է լինում շճաթարախային արտահոսք:
Պտուտախտով հիվանդ ոչխարներին սովորաբար չեն բուժում, նրանց հայտնաբերելու դեպքում ենթարկում են հարկադիր սպանդի, իսկ ախտահարված գանգուղեղը` ոչնչացնում:
Ոչխարաբուծական տնտեսություններում պտուտախտը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում նվազեցնել հովվապահ շների գլխաքանակը, բացի այդ, շներին երկուսից երեք ամիսը մեկ պարտադիր ենթարկել ճիճվաթափության արեկոլինով, ատազոլֆորտեով կամ էլ զոդալբեն, ալբեն դեղանյութերից որեւէ մեկով: Ճիճվաթափությունից առաջ շներին նախօրոք կապում են, իսկ դեղը տալուց հետո, կղանքը հավաքում եւ ոչնչացնում: Հիվանդ կամ ընկած գառների գլուխը խորը թաղում են կամ ենթարկում երկարատև ջերմային մշակման:
Եթե նախորդ տարիներին տվյալ արոտավայրերում ոչխարների մոտ նկատվել է պտուտախտ, ապա այդ արոտավայրերից չեն օգտվում, հատկապես հեռու են պահում տվյալ տարում ծնված գառներին: Անապահով արոտավայրերում խոնավ և անձրևոտ տարիներին դադարեցնում են ոչխարների արածեցումը:
Ոչխարաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսական տնտեսություններին անհրաժեշտ է անհաշտ պայքար մղել գայլերի և թափառող շների դեմ:
Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ