Խաղողի վազի վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները
2014-06-27
Պայքարի միջոցառումներ խաղողի վազի հիվանդությունների ու հիմնական վնասատուների դեմ: Խաղողի վնասատուներից տարածված են ողկուզակերը, այգու ոստայնատիզը, խաղողի տրիպսը, մարմարյա բզեզը:
Հյուսիս-արևելյան գոտում` նաև ֆիլոքսերան: Հիվանդություններից հատկապես տարածված են միլդիուն, օիդիումը, անտրակնոզը, մոխրագույն փտումը: Վերը նշված վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքար չտանելու դեպքում կորչում է բերքի 80-100%-ը:
Խաղողի ողկուզակեր- Ողկուզակերը տալիս է 3 սերունդ: Ողկուզակերը ձմեռում է հարսնյակի փուլում, վազի բնի, թևերի, կեղևի տակ, ողկույզի չորացած պտուղներում և մինչև 7 սմ խորությամբ հողում: Ձմեռած հարսնյակներից ապրիլի վերջին դուրս են գալիս առաջին թիթեռները, ձվադրում են խաղողի ծաղկակոկոնների վրա, ապա 5-6 օրից հայտնվում են թրթուրները: Այս սերնդի մեկ թրթուրը իր կյանքի ընթացքում վնասում է մինչև 40 կոկոն: Երկրորդ սերնդի թիթեռների թռիչքը սկսվում է հունիսի վերջից, ձվադրում են կանաչ պտուղների վրա, թրթուրը սնվում է կանաչ պտուղներով: Երրորդ սերնդի թիթեռների թռիչքը` օգոստոսի առաջին կեսից և տևում է 20 օր: Այս սերնդի թրթուրները սնվում են հասուն պտուղներով, և պատճառած վնասն ավելի մեծ է, քանի որ վնասված պտուղներն ամբողջովին փտում, ոչնչանում են:
Պայքարի միջոցառումները- Հնարավորին չափ վերացնել ձմեռող պաշարը: Անհրաժեշտ է առաջին սերնդի դեմ կատարել 2, հաջորդ սերունդների դեմ` մեկական սրսկում: Վերջին սրսկումը` բերքահավաքից 20-30 օր առաջ: Ողկուզակերի դեմ բարձր արդյունավետ են Ինսեգարի 25 % թ.փ., 0/6 կգ/հա ծախսի նորմայով (6գ-10լ ջրին), Դեցիսի 25% է.խ. 0.6լ/հա ծախսի նորմայով (6մլ-10լ ջրին), Տալստարի 10%է.խ. 0.4լ/հա (4մլ 10լ ջրին), Կարատեի 5%է.խ. 0.5լ/հա (5մլ 10լ ջրին) սրսկումները: Արիվոյի 25% Խ.Է 0,4լ/հա (4մ 10լիտր ջրին), Զոլոնի 35% Խ.Է. (Ֆոզալոն)1-2,8 լ/հա (10-30մլ 10 լիտր ջրին), Կալիպսո 48% Խ.Է. 0,2-025 լ/հա (10լ ջրին 2-2,5 մլ), Նուրելլ-Դ-55% Խ.Է. 08լ/հա (10լ-8մլ), Սումի Ալֆա 5 %Խ.Է. 8լ/հա (10լ ջրին -8մլ) սրսկումները: Ցանկալի է վերջին սերնդի դեմ օգտագործել ֆերոմոնային թակարդներ:
Այգու ոստայնատիզ- Տալիս է մինչև 8 սերունդ, ձմեռում են էգերը, վազի բնի և թփերի կեղևի տակ փոքր խմբերով (2-200հատ): Գարնանը տզերը վազերի վրա երևում են մինչև բողբոջների բացվելը և ապրիլի առաջին կեսին անցնում են կանաչ մասերի վրա: Ձվադրումը կատարվում է ապրիլի վերջին, ապա 5-6 օր հետո դուրս են գալիս թրթուրները: Մի քանի մաշկափոխությունից հետո` նիմֆային ստադիաները, հետո` հասուն տզերը: Ոստայնատիզը վնասում է գարնանից, երբ երևում են առաջին տերևները: Սպիտակ սորտերի վարակված տերևների ջղավորությունների ուղղությամբ նկատվում են դեղնավուն, սև սորտերի տերևների վրա` կարմրավուն բծեր: Ուժեղ վարակի դեպքում տերևները գունաթափվում, թափվում են:
Պայքարի միջոցառումներ- Ագրոտեխնիկական միջոցառումները ընդհանուր են ողկուզակերի հետ: Քիմիական պայքար կատարել մեկ տերևի վրա 5-8 տզի առկայության դեպքում: Արդյունավետ են նեորոն 50% է.խ. 1.5-2.8լ/հա ծախսի նորմայով (15-20մլ 10լ ջրին), Օմայթ 57% է.խ. 1.5լ/հա ծախսի նորմայով (15մլ 10լ ջրին), Օմայթ 30% թ.փ. 1.6-2.4 կգ/հա (15-25գ 10լ ջրին): Զոլոն 35% Խ.Է. 20,8լ/հա (10լջրին 30մլ), Կարատե 5%Խ.Է. 0,5 լ/հա (10-5մլ), Տալստար 10%Խ.Է. 0,24լ/հա (10-2,4մլ) և այլն:
Խաղողի տրիպս- Տարածված է խաղողագործական բոլոր շրջաններում, հատկապես մեծ է պատճառած վնասը Արարատյան դաշտում: Տրիպսը սնվում է խաղողի տերևներով` առավելապես աճման կոնի մոտ գտնվողներով: Տերևների վրա` ջղերի ուղղությամբ, առաջանում է շագանակագույն կետեր, տերևները կուչ են գալիս, տեղ-տեղ պատռվում: Տրիպսի վնասը մեծ է հատկապես գարնանը` առաջին տերևների վրա:
Պայքարի միջոցառումներ- Կատարել սրսկում առաջին տերևների առաջացման պես` ողկուզակերի դեմ առաջարկված թունաքիմիկատներով: Հաջորդ սրսկումները համընկնում են ողկուզակերի դեմ կատարվողների հետ և անհրաժեշտություն չկա առանձին սրսկում կատարել: Մնացած վնասատուներն առայժմ Արարատյան դաշտավայրի և նախալեռնային պայմաններում մեծ վնաս չեն պատճառում, չնայած` չի կարելի բացառել առանձին տարիներին դրանց զանգվածային բազմացումը:
Հիվանդությունները
Միլդիու կամ կեղծ ալրացող- Վարակվում են բույսի բոլոր կանաչ օրգանները: Տերևների վրա սկզբում նկատվում են դեղնավուն կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ երեսին առաջանում է սպիտակ ալրանման փառ, հետագայում բիծը դառնում է կարմրագորշավուն, մի տեսակ այրվածի նման: Ծաղկափթթությունը, ինչպես նաև պտուղները, վաղ վարակի դեպքում գորշանում, չորանում են: Հանրապետությունում մշակվող բոլոր սորտերն են վարակվում միլդիույով: Արարատյան դաշտավայրում և նախալեռնային գոտում ուժեղ վարակ է նկատվում խոնավ տարիներին: Համեմատաբար դիմացկուն են խաղողի սև սորտերը:
Պայքարի միջոցառումները- Անհրաժեշտ է կիրառել համալիր միջոցառումներ` սանիտարական-նախազգուշական, ագրոտեխնիկական և քիմիական: Վերացնել ձմեռող վարակի աղբյուրը, խաղողը մշակել լարային համակարգով, ժամանակին կատարել ագրոտեխնիկայով նախատեսված աշխատանքները: Շատ կարևոր է առաջին սրսկման ճիշտ ժամկետի որոշումը: Արդյունավետ է, եթե այն կատարվում է նախազգուշական` մինչև հիվանդության նշանների հանդես գալը: Սրսկումները կատարել բորդոյան հեղուկի 1%-ոց լուծույթով, հաջորդ սրսկումը` 3-4 նոր տերև առաջանալիս (8-10օր ընդմիջումով): Խորհուրդ է տրվում ծաղկումից 7-10 օր առաջ կատարել այսպես կոչված պահեստային սրսկում: Սովորական տարիներին բորդոյան հեղուկով սրսկում են 3-4, հիվանդության զարգացման համար նպաստավոր տարիներին` մինչև 7 անգամ` 7-10 օր ընդմիջումով: Արդյունավետ են տուբարիդի կամ արցերիդի 2.5-3կգ/հա ծախսի նորմայով (30գր 10լ ջրին), Ռիդոմիլ ՄՑ-72, Ռիդոմիլ Գոլդ պատրաստուկների 2.5 կգ/հա (10-25գր), էուպարենի 2.5-3կգ/հա (30գր 10լ ջրին) սրսկումները 18-20 օր ընդմիջումնրով: Էուպարենը արդյունավետ է նաև օիդիումի և տզերի դեմ: Բարձր արդյունետություն է ցուցաբերում նաև Անտրակոլի 2կգ/հա նորման (10լ-20գր) և Կուպրօքսիդի 6լ/հա (10լ ջրին –60մլ) լուծույթներով սրսկումները:
Օիդիում կամ իսկական ալրացող- Տրածված է այգեգործական բոլոր գոտիներում, հանդես է գալիս ամեն տարի: Հիվանդության առաջին նշանները հանդես են գալիս մայիսի կեսերից: Տերևների վրա առաջանում են կլոր փայլուն բծեր` սպիտակ ալրանման փառով: Վաղ, տաք գարնանը առանձին շվեր վարակվում են մինչև ծաղկելը, հետո վարակը փոխանցվում է պտուղներին, տերևներին: Վաղ վարակի դեպքում դադարում է աճելուց, չորանում է և ընկնում: Ուշ վարակի դեպքում պտուղները պատվում են սպիտակա-մոխրագույն փառով, պատռվում են` բացվելով մինչև կորիզը: Հատկապես ուժեղ են վարակվում ուշահաս սորտերը:
Պայքարի միջոցառումները- Այս հիվանդության դեմ առաջին սրսկումը կամ փոշոտումը հարկ է կատարել ծաղկումից առաջ, երկրորդը` ծաղկաթափից հետո, ապա` 15-16 օր ընդմիջումներով (հունիսի երկրորդ կեսին, հունիսի առաջին տասնօրյակին): Ուժեղ վարակվող այգիներում երբեմն անհրաժեշտ է լինում կատարել նաև հինգերորդ սրսկումը հուլիսի երկրորդ կեսին կամ օգոստոսի սկզբներին: Փոշոտումները կատարվում են աղացած կամ ծաղիկ ծծումբով, առաջին փոշոտման ժամանակ ծախսի նորման 15-20, հետագայում` 25-30կգ/հա: Արդյունավետ է նաև կոլոիդ ծծումբի 1% կախույթով սրսկումը: Առավել արդյունավետ են բայլետոնի 0,5-0,7կգ/հա (10լ5-7գր) կամ տոպազի 0,5-0,7լ/հա (10լ 5-7մլ) ծախսի նորմայով սրսկումները:Հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ հիմնականում հանրապետություն ներկրվում է հին, արդյունավետությունը բավականին կորցրած Բայլետոն, որի պատճառով ծախսի նորման հասցվում է երբեմն 1 կգ, վերջինս բացասաբար է անդրադառնում ինչպես խաղողի որակի վրա (ընդհանուր շաքարները նվազում են մինչեւ 2%), այնպես էլ` վերամշակման դեպքում (քաղցուն դժվարությամբ է խմորվում, ուշ է պարզում, երբեմն էլ Բայլետոնի տհաճ հոտը պահպանվում է նույնիսկ գինու մեջ):
Անտրակնոզ- Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում այդքան էլ տարածված չէ, բայց նկատվում է նաև այս գոտիներում: Անտրակնոզով վարակվում են բոլոր կանաչ երիտասարդ օրգանները: Տերևների վրա առաջանում են մանր բծեր, հետագայում դրանք մեծանում, հաճախ ձուլվում են իրար հետ` առաջացնելով գորշ երիզով մեծ բծեր: Բծերը կենտրոնում չորանում, փշրվում են: Շվերի վրա բծերը սկզբում մանր են, հետագայում մեծանում, երկարավուն ձև են ստանում, խորանում փայտանյութի մեջ` առաջացնելով երկարավուն, մուգ գույնի, հաստացած երիզով խոցեր:
Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ