Բրինձ
2014-06-26
Գոյություն ունի բրնձի դասակարգման մի քանի եղանակ` կախված բրնձի մշակման առանձնահատկություններից, հատիկի ձևից և նույնիսկ գնից:
Լավ բրինձը թանկ արժե և համարվում է նրբահամ կերակուր: Այն հաճախ տեսակավորվում է ըստ հատիկների երկարության և կլորության: Հատիկի ձևերի և հատկությունների միջև կա հստակ կապ. որքան հատիկները կարճ են ու սպիտակ, այնքան փափուկ են և շատ ջուր են վերցնում: Եփվելիս փքվում են ու դառնում սոսնձանման:
Երկար հատիկներով բրինձը պինդ է, թափանցիկ, եփվելիս ավելի քիչ է աճում և խոշորանում է երկարությամբ: Երկարահատիկ բրինձը աճեցնում են` Ասիայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում: Այն բարակ է, մոտ 6-8մմ երկարությամբ: Եփվելիս կլանում է չափավոր քանակությամբ ջուր: Օգտագործվում է ինչպես սպիտակ, այնպես էլ շագանակագույն /թույլ երանգով/ երկարահատիկ բրինձը:
Միջին երկարության բրինձը աճեցվում է Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Ավստալիայում: Հատիկը համեմատաբար կարճ է և լայն, պակաս թափանցիկ և պարունակում է ավելի շատ օսլա: Եփվելիս ավելի շատ ջուր է կլանում ու դառնում փափուկ, իսկ հատիկները փոքր ինչ կպչում են միմյանց: Տարբերվում է նաև համեմունքների համն ու հոտը ներքաշելու հատկությամբ: Հատիկները լինում են սպիտակ և շագանակագույն:
Կլոր բրինձն աճում է Իտալիայում, Չինաստանում, Ճապոնիայում և Ռուսաստանի Դաշնությունում: Հատիկը ունի 4-5մմ երկարություն, կլոր ձև. գրեթե թափանցիկ չի, պարունակում է մեծ քանակությամբ օսլա: Եփվելիս շատ ջուր է պահանջում` դառնալով կաթնագույն:
Սպիտակ, կլորավուն տեսակն ամենատարածվածն է: Այն օգտագործվում է շիլաների, աղանդների, պուդինգների, թխվածքների, ինչպես նաև սուշիների պատրաստման համար:
Տիբեթյան սև բրինձը պարունակում է կրկնակի շատ սպիտակուց, քան սովորական բրինձը: Հնում այս բրինձը ուտում էին միայն կայսրերը: Այժմ այն մշակվում է ոչ մեծ տարածությունների վրա, այդ պատճառով արտադրության ծավալները սահմանափակ են: Այս տեսակը նաև շատ օգտակար է առողջությանը:
Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ