Պտղատու կուլտուրաների բազմացումը աչքապատվաստով

2014-06-26

achqapatvast

Աչքապատվաստը կատարում են ամառային խիստ շոգերից հետո` բույսերի երկրորդ հյութաշարժության ժամանակ, երբ պատվաստակալի կեղևը հեշտ է բաժանվում բնափայտից և աչքի (բողբոջի) բացվելու վտանգը անցած է լինում:

 

Սա լինում է նախալեռնային և լեռնային շրջաններում հուլիսի վերջից օգոստոսի վերջերը,իսկ ցածրադիր շրջաններում մոտավորապես օգոստոսի առաջին տասնօրյակից մինչև սեպտեմբերի կեսերը, բայց կարելի է նաև մի քիչ ավելի շուտ աչքապատվաստ կատարել: Այս դեպքում աչքը կբացվի և կտա 10-15սմ և ավելի երկարության շիվ, որն անհրաժեշտ կլինի փաթաթել ու պաշտպանել ձմռան ցրտերից: Դա արագացնում է պատվաստաշվի աճը համարյա մեկ վեգետացիայով:

 

Աչքապատվաստը կատարվում է հետևյալ կերպ. պատվաստողը ձախ ձեռքով բռնում է կտրոնը և պատվաստի դանակով նրանից վահանաձև հանում 2-3 սմ երկարությամբ բողբոջը` կեղևի և բնափայտի բարակ շերտի հետ միասին ու պահում այն նույն ձեռքում: Ապա պատվաստակալի հյուսիսային կողմից արմատավզիկի կեղևի վրա պատվաստի դանակով T-աձև կտրվածք է անում և նույն դանակի հետևի մասի ոսկրիկի օգնությամբ թեթևակի կեղևը բարձրացնելով, ձախ ձեռքով վահանիկը զգուշությամբ դնում է կտրվածքի մեջ, լավ նստեցնում ու երկու ձեռքերի բութ մատերով սեղմում բացված կեղևը դեպի պատվաստաչքը: Եթե վահանիկի ծայրը դուրս է մնում, այն զգուշությամբ կտրում են պատվաստակալի վրա հորիզոնական կտրվածք արված տեղում և, աչքը լրիվ տեղավորելուց հետո, անմիջապես կապում: Սովորական աչքապատվաստով բազմացնելիս ընկուզենին միշտ լավ արդյունք չի տալիս, ուստի այն բազմացնում են քառանկյունի և օղակաձև կտրվածքով` աչքապատվաստով:

 

Օղակաձև պատվաստը կատարվում է գարնանը` աճող աչքով կամ ամռան երկրորդ կեսին` քնած աչքով, հետևյալ կերպ. գարնանը, երբ սկսվում է հյութաշարժությունը, կամ ամռանը` բույսերի երկրորդ աճի ժամանակ, սերմնաբույսերի վրա, մեկը մյուսից 3-4 սմ հեռավորությամբ (նկատի են ունենում պատվաստաբողբոջի չափը) օղակաձև երկու կտրվածք են անում, ապա կեղևը զգուշությամբ հանում: Ընտրում են պատվաստակալի հաստության պատվաստացու կտրոն և նրա բողբոջը (աչքը) կեղևի հետ միասին կտրվածքի երկարությամբ կտրելով օղակաձև, հանում և անմիջապես հա ցանում են պատրաստած սերմնաբույսի (պատվաստակալի) կտրվածքին ու ամուր կապում: Պատվաստի այս եղանակը ապահովում է ընկուզենու համեմատաբար բարձր կպչողականություն:

 

Պատվաստելուց մոտավորապես մեկ-երկու շաբաթ անցնելուց հետո պետք է ստուգել այն և անհրաժեշտության դեպքում, եթե աչքապատվաստը կպել է, կապը թուլացնել, իսկ եթե չի կպել, ապա անմիջապես կատարել կրկնապատվաստ` առաջին անգամ կատարված պատվաստի հակառակ կողմից:

 

Աչքապատվաստը կարելի է կատարել նաև գարնանը` բույսերի մեջ հյութաշարժությունը սկսվելուց հետո, երբ պատվաստակալի կեղևը բնափայտից լավ է անջատվում:Գոյություն ունեն կտրոնապատվաստի մի շարք ձևեր, որոնցից համեմատաբար լայն տարածված են անգլիական կամ բարելավված պատվաստը, կողապատվաստը, ճեղքապատվաստը, պատվաստը, պատվաստը կեղևի տակ և այլն: Կտրոնապատվաստը կատարում են վաղ գարնանը` մինչև բողբոջների բացվելը, որի համար կտրոնները (միամյա շիվեր) վերցնում են ուշ աշնանը և ձմռանը, խնամքով պահում հով նկուղներում` խոնավ ավազի կամ մամուռի մեջ, այնպես, որ մինչև պտվաստելն աչքերը չբացվեն: Կտրոնապատվաստով ամենից հաջող բազմացվում են խնձորենին և տանձենին:

 

 

 

Աղբյուրը՝ «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ

 

 

Տպել