ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

2014-06-05

_TM_3970ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին:

 

KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:

 

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հատկապես կարևորել է գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրով ապահովվածության հարցը և բարձր է գնահատել KfW բանկի կողմից նման ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը:

 

Նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում Սերգո Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Նա նշել է նաև, որ Հայաստանում առկա են գյուղատնտեսության զարգացման իրատեսական հնարավորություններ գրեթե բոլոր ուղղություններով և առաջարկել է գերմանական կողմին քննարկել տեխնիկական օգնության հարցը:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված ճյուղերի զարգացման քաղաքականություն, ապա վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունները, օրգանական գյուղատնտեսությունը և անասնապահությունը կարող են հանդիսանալ երկկողմ համագործակցության բնագավառներ»,- նշել է նախարարը:

 

Սանդրա Սոարես դա Սիլվան շնորհակալություն է հայտնել Սերգո Կարապետյանին հանդիպման համար և տեղեկացրել է, որ բանկը մտադիր է Կապսի ջրամբարի վերկանգնման ծրագրի ավարտից հետո իրականացնել նոր ծրագիր, որը ենթադրում է 700 հա գյուղատնտեսական հողատարածքների վրա իրականացնել ջրի խնայողաբար օգտագործման և կառավարման պիլոտային ծրագիր և այդ ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է հանդիսանալ որպես հիմնական գործընկեր:

 

Հանդիպման ավարտին, հյուրերը նաև նշեցին, որ բարձրացված հարցերն ու առաջարկությունները կներկայացնեն 2014թ. սեպտեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկմանը:

 

 

Տպել