Քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը
2014-05-30
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Կայունությունից դեպի զարգացում, Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսլականը և զարգացման միտումները խորագրով այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, գյուղատնտեսության ոլորտում գործող պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քննարկվել են գյուղատնտեսության նախարարության ռազմավարությունը, ինչպես նաև Եվրամիության Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:
Խորհրդակցությունը բացել և մասնակիցներին արդյունավետ աշխատանք ու քննարկումներ է մաղթել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք առավել թիրախային և արդյունավետ կարող ենք դիմակայել այսօրվա մարտահրավերներին ու լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերահաստատել գյուղատնտեսության նախարարության և անձամբ իմ պատրաստակամությունը շարունակելու և ամրապնդելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր շահագրգիռ միջազգային, հասարակական կազմակերպությունների և մասնավորապես Եվրամիության հետ, որոնք շահագրգռված են գյուղատնտեսության զարգացման գործում»-նշել է նախարարը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին՝ երկրի գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերած նշանակալի օժանդակության համար և հույս հայտնել, որ նրանց կողմից առաջարկվող զարգացման նոր փաթեթը նույնքան արդյունավետ ընթացք կունենա: Մանավանդ, որ գյուղատնտեսությունը, ըստ պարոն Գևորգյանի, Հայաստանի համար ավելին է, քան տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Այն երկրի տարածաշրջանների համաչափ զարգացման կարևոր նախապայմանն է:
Այնուհետև «Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» ծրագրի ներկայացմամբ հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերի պատասխանատու Ջոն Բարքերը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արմեն Հարությունյանն ու Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսական կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանն անդրադարձել են ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալի հզորացմանը, օրենսդրական դաշտի, ինստիտուցիոնալ, ինչպես նաև գյուղատնտեսական վիճակագրական համակարգի բարեփոխումներին, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման տեսլականին:
Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանի կողմից «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ծրագրերն ու ռազմավարությունը» մասնակիցների քննարկմանը ներկայացնելուց հետո, կայացել է գյուղատնտեսության նախարարության նոր կայքի` www.minagro.am – ի շնորհանդեսը, որը հանրությանը հասանելի կլինի հունիսի 9-ից: