Տեղի է ունեցել ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հերթական աշխատաժողովը
2019-04-30
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի չորրորդ աշխատաժողովը, որին մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարությունների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է հարթակի նոր գործընկեր կազմակերպությունը, քննարկվել են ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի մշակման, խնդիրների գույքագրման և վերլուծության ուղղությամբ կատարված աշխատանքները, հիմք է դրվել հայեցակարգի մշակման համար անհրաժեշտ աշխատանքային խմբի ձևավորմանը։ Անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների և համայնքների ներկայացուցիչների կողմից հնչեցված արոտների երկզոնային կառավարմանը խոչընդոտող խնդիրներին, ինչպես նաև ներկայացվել են դրանց հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:
Հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնություն:
Նպատակն է ապահովել Հայաստանում կերհանդակների կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցությունը և աշխատանքների համակարգումը: Այն միտված է բարձրացնել անասնապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և ներդրումների արդյունավետությունը, որն էլ իր հերթին կբարելավի ֆերմերների բարեկեցությունն ու կնպաստի գյուղական տարածքներում սոցիալական և տնտեսական աճին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին