Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀԱԱՀ-ում նորագույն ուսումնափորձարարական ջերմատուն կստեղծվի

2019-03-27

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ռեկտոր Վարդան Ուռուտյանի և պաշտոնատար այլ անձանց ներկայությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» 67,212 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» (ICARE) տնօրեն Արթուր Գրիգորյանը։

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն մարդկային անվտանգության ծրագրերի համար» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  հին ջերմոցը վերափոխել նորագույն  ուսումնափորձարարական ջերմատան։

 

«Այս համագործակցությամբ հայ-ճապոնական կապերը տեղափոխվում են մեկ այլ հարթություն՝ այն է բարձրացնել ագրարային ոլորտի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների կրթական մակարդակը, առավել գործնական դարձնել նրանց շփումներն արտադրության հետ։ Նման ուսումնափորձարարական ջերմատան շահագործումը ևս մեկ քայլ է ագրարային համալսարանը ագրոտեխնիկական հիմքերի վրա դնելու ուղղությամբ»,-իր ելույթում մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը։

 

 Նա նաև հավելել է, որ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր, որոնք նպաստել են մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես, արդիականացվել է երկրի գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը, համալրվել է նյութատեխնիկական բազան, կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստումներ։

 

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ մատնանշելով գյուղատնտեսության վճռորոշ դերը Հայաստանի տնտեսության մեջ և հավելելով, որ այն լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության ռազմավարությանը և զգալիորեն կնպաստի գյուղատնտեսության ներուժի հետագա զարգացմանը։

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն  է համալսարանի համար, որով ներդրում է կատարվում  ագրոտեխնոլոգիաներով հագեցած, ուսանողակենտրոն միջավայր ձևավորելու ուղղությամբ։

 

«Արդեն անցել են ժամանակները, երբ մասնագետներ պատրաստում են միայն լսարաններում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր բարձրակարգ մասնագետները նաև զինվեն պրակտիկ հմտություններով և այս առումով ծրագիրը գեղեցիկ նվեր է Ճապոնիայի կառավարության կողմից»,- ընդգծել է Վարդան Ուռուտյանը։

 

Ջերմատունն ունենալու է 420 քմ տարածք, կիրառվելու է ուսումնական և հետազոտական նպատակներով ՀԱԱՀ ուսանողների ու դասախոսների, ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» 8-ամսյա նորարարական կրթական ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև ֆերմերների կողմից։

 

 

Մանրամասները տեսանյութում՝ 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել