ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

2019-03-15

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ձկնաբուծության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը, ձկնաբուծարանների արդիականացման միջոցով ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտահանման շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, ոռոգման նպատակներով ձկնաբուծարանների ջրի օգտագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

 

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ձկնաբուծարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և ընդլայնելու նպատակով ակնկալում են կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան Գեղամ Գևորգյանն առաջարկել է օգտվել պետական օժանդակության շրջանակներում իրականացվող սուբսիդավորման ծրագրերից:

 

Անդրադարձ է կատարվել նաև օրգանական ձկնամթերքի արտադրության հնարավորությանը, որի համար, մասնակիցների հավաստմամբ, Հայաստանում առկա են բոլոր նախապայմանները։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել