Իտալական «Բրունո Սֆորնի» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի գյուղապահովագրության ծրագրով
2019-03-06
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է իտալական վերապահովագրական բրոքերային հանրահայտ «Բրունո Սֆորնի» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Սֆորնիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը, տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Հանդիպման սկզբում Բրունո Սֆորնին հանգամանորեն ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում ունեցած փորձն ու պատմությունը՝ ընդգծելով, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրվող գյուղապահովագրության ծրագրով և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, մասնավորապես խորհրդատվություն տրամադրել, կիսվել փորձով և գիտելիքներով, ինչպես նաև վերապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել։ Նա շեշտել է, որ տպավորված է հայկական գյուղապահովագրության ծրագրով՝ հավելելով, որ այն շատ պրոֆեսիոնալ է մշակված։
Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գյուղապահովագրությունը Հայաստանում նոր գործիք է, և իտալական փորձը օգտակար կարող է լինել տեղի ապահովագրողների համար։
«Ապահովագրական համակարգի ներդրումը կարևորագույն նշանակություն ունի երկրում գյուղատնտեսության զարգացման համար, այն կառավարության առաջնահերթությունների թվում է, և մենք ամբողջապես սատարում ենք ծրագրի կյանքի կոչմանը»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ համակարգի ներդրումը նաև բազմաթիվ անուղղակի դրական ազդեցություններ կարող է ունենալ ոլորտի վրա։
Նարեկ Հովակիմյանը նշել է, որ առաջիկայում նախատեսված է նաև հանդիպումների շարք հայկական ապահովագրական ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունների արդյունքում էլ կորոշվի ընկերության հետ հնարավոր համագործակցությունը և ձևաչափը։
Նա նաև հավելել է, որ գյուղապահովագրության փորձնական ծրագրի շրջանակում այս տարի ընտրվել են հանրապետության 6 մարզեր, երեք ռիսկ՝ կարկուտ և հրդեհ, ցրտահարություն և երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող, հայկական 3 ապահովագրական ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, վերապահովագրությունը կիրականացնի աշխարհի խոշորագույն «Swiss Re» շվեյցարական ընկերությունը։
Մանրամասները տեսանյութում`
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին