Պարզաբանում սուբսիդավորված դիզվառելանյութի և պարարտանյութերի պետաջակցության ծրագրերի վերաբերյալ

2019-02-20

logo-MAՀՀ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սուբսիդավորված գներով դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման դադարեցման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ։

 

Մասնավորապես նկատենք, որ ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռևս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ և արդյունքում գյուղացիական տնտեսություններին 1 պարկ (50 կգ) պարարտանյութը հասանելի է եղել 7000-7500 դրամով։ Այս տարի գների նվազման միտումը շարունակվել է, մասնավորապես վրացական արտադրության 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 300-500 դրամով և կազմում է շուրջ 6700 դրամ։

 

Համեմատության համար նշենք, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը կազմել է՝

 

2015 թվականին՝ 9215 դրամ , սուբսիդիան՝ 3215 դրամ, 

2016 թվականին՝ 8726 դրամ, սուբսիդիան ՝ 2729 դրամ,

2017 թվականին՝ 7000, 6582, 6990 դրամ , սուբսիդիան համապատասխանաբար՝ 1000, 582 և 990 դրամ։


Նշենք, որ 1 հա-ի մշակության համար օգտագործվում է միջին հաշվով 400 կգ (8 պարկ) պարարտանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին 1 հա-ի հաշվով ցուցաբերվել է ընդամենը 8000-10000 դրամի չափով աջակցություն։
Ինչ վերաբերում է դիզելային վառելանյութի սուբսիդավորման ծրագրին, ապա 2018 թվականի տվյալներով՝ հանրապետության 317.000 գյուղացիական
տնտեսություններից ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել ընդամենը 5220  շահառու (շուրջ 1,6%-ը), արդյունքում՝ նախատեսված 6 000 000 լիտրից փաստացի հատկացվել է շուրջ 1.9 մլն լիտրը։


Համեմատության համար նշենք, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 լիտր դիզելային վառելանյութի գինը 2018 թվականին կազմել է 440 դրամ, սուբսիդիան՝ 60 դրամ, իսկ 2019 թվականին դիզելային վառելանյութի շուկայական գինը կազմում է 450 դրամ։
1 հա-ի մշակության համար օգտագործվում է շուրջ 120 լիտր դիզելային վառելանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում
գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 7200 դրամի չափով աջակցություն։

 

Հավելենք նաև, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը, ինչպես նաև կիրականացվեն ոլորտի մրցունակության բարձրացման և գյուղացիական տնտեսություններին օժանդակելուն միտված նոր ծրագրեր։

 


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել