Գեղամ Գևորգյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ

2018-12-27

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ։

 

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, գալիք տարում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ամփոփել հասարակական խորհրդի ընթացիկ տարվա գործունեության արդյունքները: 

 

Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները և դրանցից բխող գործողությունների պլանը (2019-2030 թթ.) և տեղեկացրել, որ առաջիկա օրերին այն կներկայացվի խորհրդի անդամների քննարկմանը:

 

Խորհրդի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Գեղամ Գևորգյանն առաջարկել է ներկաներին ուսումնասիրել մասնագիտական օժանդակության աշխատանքային խմբերի ստեղծման և դրանց շրջանակում ճյուղային նեղ քննարկումների կազմակերպման հնարավորությունը:

 

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը վերաբերող մի շարք առաջարկներ և դիտողություններ: Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել նաև ՀՀ կառավարության կառուցվածքում նախատեսվող փոփոխությունների շուրջ:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել