Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
2018-12-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գաել Ասայագի ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմանն առնչվող մի շարք հարցերի։
Գեղամ Գևորգյանը նշել է, որ ծրագրի իրականացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, և նախարարությունը կներդնի առավելագույն ջանքեր համաձայնագրի ստորագրումն ու ծրագրի մեկնարկն արդյունավետ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ։
Ծրագրի շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրվել 10 մլն եվրո դրամաշնորհ, որն ուղղվելու է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին