Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը

2018-11-29

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով Հայաստան ժամանած փորձագետ Անտուան Լուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանը:

 

Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ՝ նպատակն  ունենալով տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը և ներդնել ոռոգման ժամանակակից համակարգեր: Կարևոր բաղադրիչներից են հողերի կոնսոլիդացումը և 20 կոոպերատիվների ստեղծումը` յուրաքանչյուրը շուրջ 100 հեկտար տարածքով:

 

Բարձր գնահատելով ֆրանսիական փորձի կիրառումը ծրագրի մշակման և իրականացման գործում` Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում կնքել դրաիրականացման վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը և աստիճանաբար անցնել գործնական քայլերի:

 

Նկատի ունենալով Ֆրանսիայի վարկանիշն ու համբավը խաղողագործության և գինեգործության ոլորտներում` Գեղամ Գևորգյանը կարևորել է նաև ֆրանսիացի փորձագետների աջակցությունը աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման հարցում:

 

Առանձին անդրադարձ է կատարվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի բրենդավորման և գյուղատնտեսական կրթության բնագավառում փոխգործակցության հնարավորությանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել