Տեղի է ունեցել Հայաստանում պտղատուների տնկանյութի աճեցման հավաստագրման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով

2018-10-27

1ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտնեսության կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» ծրագիրը շարունակում է աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և այսօր ծրագրի շրջանակներում հերթական աշխատաժողով-քննարկումն էր կազմակերպվել՝ երկրում պտղատուների և խաղողի տնկանյութի արտադրության հավաստագրման համակարգի ներդրման հնարավորությունները թեմայով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, ՊԳԿ կենտրոնակայանի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի գյուղատնտեսության պատասխանատու Վիլսոն Հյուգոն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց սերմերի և Իտալիայից հրավիրված Անկոնայի համալսարանի պրոֆեսոր Դավիդե Ներին` պտղատուների տնկանյութի հավաստագրման տարբեր համակարգերը աշխարհում, պտղատուների տնկանյութի աճեցման հավաստագրման համակարգը Իտալիայում՝ ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ներկայացվեց և քննարկվեց երկրում պտղատուների և խաղողի տնկանյութի արտադրության հավաստագրման համակարգի ներդրման հնարավորությունները, արվեցին առաջարկություններ:

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը, Եվրամիության հայաստանյան պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին: Նրանք երկուսն էլ կարևորեցին ծրագրի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, հույս հայտնելով հետագա համագործակցության ընդլայնման համար:

 

Նախքան խորհրդաժողովը փորձագետները հանդիպել էին ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ուսումնասիրվել, վերլուծվել և գնահատվել էր երկրում սերմարտադրության և պտղատու մշակաբույսերի տնկիների արտադրության համակարգը, ներառյալ օրենսդրական և կարգավորող շրջանակները:

 

Իսկ նախորդող երեք օրերին ծրագրի շրջանակներում պրոֆեսոր Դավիդե Ներիի կողմից Հայաստանի Ագրարային համալսարանում, Կոտայքի, Արագածոտնի և Տավուշի մարզերում շարունակվեցին պտղատու մշակաբույսերի մշակության, պարարտացման և ոռոգման, էտի և ձևավորման առաջավոր մեթոդների վերաբերյալ եռօրյա տեսական և գործնական դասընթացները, որին մասնակցեցին ավելի քան 200 ներկայացուցիչներ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանից, գիտական հաստատություններից, խորհրդատվական կառույցներից, Ագրարային համալսարանից, ինչպես նաև  գյուղատնտեսներ և ֆերմերներ։

 

Ըստ այգեգործ Ռամիզ Հակոբյանի, ով խնձորենու իր այգում իրականացնում է դասընթացների արդյունքում ձեռք բերված հմտությունները, նշում է, որ ոչ միայն ավելացել է ծառերի բերքատվությունը, այլ նաև բարելավվել է բերքի որակը և կարգավորվել ծառերի պտղաբերման պարբերականության երևույթը: Այս տարի նա ստացել էր ռեկորդային բերք՝ մեկ հեկտարից 80 տոննայից ավել խնձոր:

 

Գործնական դասընթացներն անցկացվեցին ծրագրի շրջանակում հիմնված ցուցադրական տարածքներում, որտեղ տեղադրված են կարկտապաշտպան ցանցեր և ոռոգման առաջադեմ համակարգեր։

 

Նման դասընթացներն ուղղված են ինտենսիվ գյուղատնտեսության  վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և գյուղատնտեսության լավագույն փորձի տարածմանը:

 

 

Աղբյուրը` armenpress.am

 

 

 

 

Տպել