Չկա իմ մասին մեկ փաստաթուղթ, որտեղ կոռուպցիայի, չարաշահումների ռիսկի մասին գրված է. գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ԺՊ (տեսանյութ)

2018-10-17

ggevorgyan1ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ԺՊ Գեղամ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարար դառնալու առաջարկին միանգամից համաձայնել է: «Սուտ կլինի ասել, որ ամեն օր սպասում էի դրան, առաջարկը ընդունել եմ սիրով, քանի որ կարծում եմ, որ կարող եմ աշխատանք անել ոլորտում»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ եկել է բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, և հարցին, թե ամեն դեպքում Դուք ձեզ բարիկադներից այն կողմ համարում էիք՝ հաշվի առնելով, որ նախկին կառավարությունների հետ աշխատելու բավականին երկար փորձ ունեիք, նա ասաց`ոչ: «Ես կառավարման համակարգում աշխատում եմ արդեն 10 տարի, սա քաղաքական առաջին պաշտոնն է, որ զբաղեցնում եմ, իսկ մնացած բոլոր պաշտոնները, կարծում եմ, կարելի է անվանել մասնագիտական պաշտոններ: Գոնե ես ինձ բարիկադներից այս կողմ, այն կողմ չեմ զգացել»,-հավելեց նա:

 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պահանջներ է վարչապետը դրել նրա առջև, Գեղամ Գևորգյանն ասաց. «Ինձ միշտ առաջադրվել է նույն պահանջը` լինել պրոֆեսիոնալ, նվիրված և անել հնարավորինս, որ ազգաբնակչությանը օգուտ տաս: Ներկայիս վարչապետն էլ նույն խնդիրն է դրել, և խոսք եմ տալիս, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անեմ առավելագույնը, որ արդարացնեմ կառավարության քաղաքացիների սպասումները»:

 

Հարցին, թե կոռուպցիոն բնույթի հրապարակումները բացասական ֆոն չե՞ն ստեղծել իր անձի շուրջ, նա պատասխանեց. «Չկա մեկ փաստաթուղթ, որտեղ կոռուպցիայի, չարաշահումների որևէ ռիսկի մասին խոսք է գրված, այսօր էլ հրապարակել էին, որ ես Կարեն Կարապետյանի սանիկն եմ»:

 

Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններին նորմալ է վերաբերում, ինչը գործունեության լայն ժամանակահատված էր ներառել: Նախարարի ԺՊ-ն նկատեց, որ հիմնադրամի կողմից կատարվող գնումների արդյունքում հասանելի գյուղատնտեսական տեխնիկան շատ մատչելի է հասել.

 

«Մենք չենք ասել, որ ունենք ֆանտաստիկ լավ գյուղատնտեսություն, մենք շատ ծանր աշխատանք ունենք անելու, որը, համոզված եմ, որ բերելու է արդյունքների»:

 

Անդրադառնալով իր նախկին՝ միլիոն ու կես աշխատավարձ ստանալուն, որն այժմ նախարարի պաշտոնում ավելի նվազ է լինելու՝ նախարարի ԺՊ-ն ասաց, որ աշխատավարձը գլխավոր խնդիրը չէ իր կյանքում: «Ես պետական համակարգում աշխատելուց չեմ ուղղորդվել երբեք զուտ աշխատավարձով, բայց փաստում եմ, որ լավ կլինի, որ աշխատավարձերը բարձր լինեն, այլ ոլորտներում էլ պետք է բարձրացնել: Ոչ թե իմ աշխատավարձն է շատ բարձր, միգուցե ցածր է այլ մարդկանց աշխատավարձը»,-ասաց նա և նշեց, որ սա շատ ծանր աշխատանք, է և զուտ վարձատրությամբ շարժվելը ճիշտ չէ:

 

Խոսելով գյուղատնտեսության առաջնահերթությունների մասին՝ նա կարևորեց հողերի  մշակումը, երկրորդ խնդիրը համարեց վնասների կանխարգելման և դրանց փոխհատուցման խնդիրը` ապահովագրական համակարգի ներդրումը, նոր տեխնոլոգիաների և ժամանակակից գյուղատնտեսության զարգացումը, գյուղատնտեսության կրթության համակարգը:

 

Ըստ նրա` գյուղատնտեսության արդյունավետությունը պետք է բարձրացնել, որ գյուղացին, գյուղացիական տնտեսությամբ զբաղվողը բավարար գումար աշխատի իր կարիքները հոգալու համար, և շուտով կլինի փաստաթուղթ, որտեղ բոլոր խնդիրների մասին նշված կլինի:

 

Հարցին՝ արդյո՞ք այս փաստաթուղթն էլ չի մնա որպես փաստաթուղթ, նա արձագանքեց. «Կարծում եմ, որ այս կառավարությունը ցույց է տվել, որ փաստաթղթերը չեն մնում փաստաթղթի տեսքով: Եթե կհաջողենք, կհաջողենք բոլորս, այլ եթե չեմ ուզում ասել, պետք է հավատանք, անենք և հաջողենք: Ես հավատում եմ այն աշխատանքին, որը կատարում եմ և ամեն ինչ անելու եմ, որ այդ աշխատանքը բերի արդյունք»:

 

Ինչ վերաբերում է գյուղացիների հետ անմիջական շփմանը, Գեղամ Գևորգյանն ընդգծեց. «Հիմա մենք ունենք բարդ իրավիճակ, ունենք դաշտ, արոտ, սար, գյուղացիական տնտեսություն, որտեղ պետք է աշխատանք կատարենք, որտեղ պետք է նախարարը գտնվի, և ունենք գրասենյակային աշխատանք, որտեղ ևս որպես նախարար պետք է կարողանամ աշխատանք կատարել. հուսով եմ, որ կկարողանամ համադրել երկուսն էլ»:

 

Տպել