Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին միացել է նաև «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն
2018-10-15
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրին միացել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն։
Ծրագրին մասնակցում են նաև «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ն, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ», «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ները և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝
• անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,
• բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,
• սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,
• թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
• սպանդանոցային տնտեսություն,
• ագրովերամշակող արդյունաբերություն,
• ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին