Առաջին օրգանական գյուղատնտեսության մոդուլի մեկնարկը քոլեջներում
2018-09-19
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ներկայացվեցին «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքների վերաբերյալ մոդուլը» և Դասախոսների և ուսանողների համար նախատեսված Օրգանական գյուղատնտեսության ուսումնական ձեռնարկները:
«Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների կարիերայի հետագա առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», – ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Մոդուլի ներդրման արդյունքում ուսանողները կստանան խորացված գիտելիքներ արտադրության տեխնոլոգիաների, օրգանական գյուղատնտեսության մեթոդներով արտադրված սննդի օրենսդրության, հսկման և հավաստագրման, ինչպես նաև շուկայավարման, բիզնեսի և որակի ապահովման պահանջների վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, – «Ուսումնական մոդուլի շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն առանցքային գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության, սննդամթերքի տեխնիկական արտադրության, պիտակավորման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս դասընթացը կնպաստի շրջանավարտների կարիերայի հետագա պլանավորմանն ու մասնագիտական առաջխաղացմանը՝ Հայաստանում նոր զարգացող և բոլորիս համար շատ կարևոր ու արդիական համարվող օրգանական գյուղատնտեսության ոլորտում»:
«ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառմամբ մենք մշակել ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով», – ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
Միջոցառմանը ներկա էին քոլեջների և այլ ուսումնական հաստատությունների դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և օրգանական արտադրողներ, որոնց բաժանվեցին համապատասխան ձեռնարկները:
Աղբյուրը` «ՕԳԱՆ» ծրագրի ֆեյսբուքյան էջ