Լրամշակվում է «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
2014-04-28
Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող Իտալիայի Նոլիսեյի և Լումսայի համալսարանների կոոպերացիայի իրավունքի պրոֆեսոր, կոոպերացիայի և սոցիալական հետազոտությունների եվրոպական ինստիտուտի գլխավոր հետազոտող Անտոնիո Ֆիչիին:
Վերջինս Հայաստան է հրավիրվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակմանն աջակցելու, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անտոնիո Ֆիչին հավաստիացրեց նախարարի պաշտոնակատարին, որ կարվի ամեն ինչ՝ այցելության հնարավորություններն օրենքի նախագծի լրամշակմանն արդյունավետորեն ծառայեցնելու համար:
Կարևորելով հյուրի աշխատանքը՝ Հայաստանում կոոպերացիայի զարգացման գործընթացը միջազգային չափանիշներին համաձայնեցնելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս հայտնեց, որ այդ ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իտալացի մասնագետների միջև համագործակցությունը շարունակական կլինի և հնարավոր սխալներից խուսափելու նպատակով՝ Հայաստանում լավագույնս կօգտագործվի այս բնագավառում առկա իտալական հարուստ փորձը: