ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
2014-04-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի հրավերով պաշտոնական այցով այսօր մեկնել է Ֆրանսիա։
Այցը պայմանավորված է սույն թվականի մայիսին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան նախատեսվող այցից առաջ Փարիզում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի համագործակցության կոնկրետ ուղղությունների քննարկումների և դրանց արդյունքում միջպետական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությամբ։
Ապրիլի 22-25-ը նախատեսվող այցի ընթացքում ծրագրված են այցելություններ խաղողագործական տնտեսություններ, գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչպես նաև գինու համալսարան։ Կկայանան հանդիպումներ Ռոն Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության և գյուղատնտեսության զարգացման բնագավառի գործատուների միության ղեկավարության հետ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի պաշտոնական այցի ընթացքում կհստակեցվեն գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր այն ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների հանդիպման օրակարգում։