Ներկայացվեցին պետական օժանդակության ծրագրերը
2018-08-17
Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետարանում անցկացվեց պետական օժանդակության ծրագրերին նվիրված սեմինար-խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը եւ հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Դավիթ Մեջլումյանը տեղեկացրին, որ 2018 թվականի հունվարի 1-ից իրականացվում են «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» , «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրերը:
Հանգամանալից ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված պետական օժանդակության այս ծրագրերի էությունը, մասնակցության պայմանները, ընդգծվեցին դրանց առավելությունները: Նշվեց, որ ծրագրերը նպատակ ունեն նպաստելու ինտենսիվ այգիների ներդրման եւ ընդլայնման գործընթացին, տնտեսվարողների մոտ արմատավորելու բիզնես մտածելակերպի գաղափարը:
Սեմինար-խորհրդակցությունն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Մասնակիցները նախարարության ներկայացուցիչներին ուղղեցին վարկավորման գործընթացին, գյուղատնտեսական մթերքների մթերմանն ու արտահանմանը վերաբերող հարցեր եւ ստացան օգտակար պարզաբանումներ:
Աղբյուրը` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքէջ