Անտառային տնտեսություն

antarՀայաստանում անտառները և անտառային հողերը կազմում են հանրապետության տարածքի շուրջ 11 %-ը` 459.9 հազ. հա, որից 334.1 հազ. հա անտառածածկ տարածքներ են, այդ թվում 283.6 հազ. հա բնական անտառներ են, իսկ 51.5 հազ. հեկտարը` արհեստական:

 

Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նպատակային նշանակության  դասակարգվում են` պաշտպանական, հատուկ և արտադրական նշանակության:        

 

Հանրապետությունում անտառների արդյունավետության միջին ցուցանիշը 3.6 բոնիտետ է (անտառներում հողային պայմանների բերրիության չափանիշ` արտահայտված ծառերի աճով, պայմանավորված նրանց հասակով, լրիվությամբ, կազմով, ձևով, ծագումով (սերմնային, վեգետատիվ): Որոշում են համապատասխան հասակում` ծառերի միջին բարձրությամբ:), միջին լրիվությունը` 0.55 (մեկ լրիվություն ընդունվում է լրիվ միակցված տնկարկը), բնափայտի միջին պաշարը կազմում է 125 մ3/հա, տարեկան միջին աճը` 1.3 մ3/հա:

 

Անտառները հանրապետության տարածքում տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, դրանց 62 % գտնվում է հյուսիս-արևելքում, 36 %` հարավ-արևելքում և միայն 2 %` կենտրոնական Հայաստանում:

 

Հանրապետության անտառներն աչքի են ընկնում բնական ռեսուրսների հարստությամբ և կենսաբազմազանության առատությամբ: Այստեղ հանդիպում են 274 տեսակի աբորիգեն ծառեր ու թփեր, որոնցից էնդեմ ծառերն ու թփերը կազմում են 25 տեսակ, իսկ ռելիկտային տեսակները՝ 31: Անտառկազմող հիմնական տեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին, սոճին: Այս չորս տեսակները զբաղեցնում են հանրապետության անտառածածկ տարածության 89.1%-ը և անտառների պաշարների 97.2 %-ը:

 

Հայաստանի անտառներում ստորադաս (երկրորդական) կամ ուղեկցող տեսակները ներկայացված են ղաժու, թխկու, լորենու, կեչու, թեղու, հացենու և այլ ծառատեսակներով: Գլխավոր անտառկազմող ծառատեսակների համեմատությամբ, սրանց արտադրողականությունը պակաս է շուրջ 36 %-ով: «Լուսավոր» անտառները հիմնականում արտահայտված են գիհու նոսրանտառներով, որոնց լրիվությունը կազմում է 0.3-0.4, այսինքն՝ ազատ մակերեսներն ավելի շատ են:

 

Հայաստանում անտառների տարածվածությունը ներկայացվում է հետևյալ լեռնային գոտիներով.

 

նախալեռնային անտառներ (ստորին անտառային գոտի) – տարածված են 550-1100 մետր բարձրություններում և ներկայացված են հիմնականում ցածրարտադրողական կաղնաղաժուտային անտառային համակեցություններով,

միջին անտառային գոտի – ընդգրկում է 1100-1700 մետր բարձրությունները, որտեղ հաճարկուտները, որտեղ տարածվում են հյուսիսային թեքության լեռնալանջերին, իսկ կաղնուտները` հարավահայաց լանջերին,

վերին անտառային գոտի – ընդգրկվում է 1700-2400 (2500) մետր բարձրությունները, որտեղ, ըստ կողմնադրության, տարածված են կաղնու և հաճարենու ցածր լրիվության և բնական վերաճի անբավարար ցուցանիծներով բնութագրվող, ցածր արտադրողական անտառները:

 

Հայաստանի Հանրապետությունում անտառների կառավարման համակարգը

 

ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N7-Ն որոշման համաձայն` անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ բնապահպանության նախարարությանը: ՀՀ բնապահպանության նախարարության իրավասությանն է հանձնվել շուրջ 100 հազ. հա հատուկ պահպանվող անտառային տարածքներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որի իրավասությանն է վերապահվել հանրապետության շուրջ 344.2 հազ. հա պետական անտառային հողերի (որից անտառածածկ են շուրջ 277,1 հազ. հա) կառավարումը, իր գործառույթներն իրականացնում է աշխատակազմի անտառաբուծության բաժնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու 20 «Անտառտնտեսություն մասնաճյուղերի» միջոցով, այդ թվում.

 

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառները և անտառային հողերն ըստ «անտառտնտեսություն» մասնաճյուղերի

 

antartntesutyun

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ին են պատկանում նաև 13 հատուկ պահպանվող տարածքները

 

1.   Արջատխլենու արգելավայր (Իջևանի անտառտնտեսություն) – 40 հա – ՀՍՍՀ ՍՍ  13.09.1958թ. N 341 որոշում:

2.  Բանքսի սոճու արգելավայր (Հրազդանի անտառտնտեսություն) – 40 հա – ՀՍՍՀ ՍՍ 29.01.1958թ. N 20 որոշում:

3.  Հեր-Հերի նոսրուտային (Վայոց ձորի անտառտնտեսություն) – 6140 հա – ՀՍՍՀ ՍՍ  13.09.1958թ. N 341 որոշում: 

4.  Ջերմուկի (Վայոց ձորի  անտառտնտեսություն) – 3865 հա (Արփա գետի ավազան) – ՀՍՍՀ ՍՍ 13.09.1958թ. N 341 որոշում:

5.  Եղեգիսի (Վայոց ձորի անտառտնտեսություն) – 4200 հա (Արփա գետի աջափնյա վտակ) – ՀՍՍՀ ՍՍ 16.11.1971թ. N 375 որոշում:

6.  Գյուլագարակի սոճուտ (Ստեփանավանի անտառտնտեսություն) – 2590 հա – ՀՍՍՀ ՍՍ 13.09.1958թ. N 341 որոշում:

7.  Կովկասյան մրտավարդի արգելավայր (Գուգարքի անտառտնտեսություն) – 100 հա (Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթա) – ՀՍՍՀ ՍՍ 29.02.1959թ. N 20 որոշում:

8.  Մարգահովիտի (Գուգարքի անտառտնտեսություն) – 5000 հա (Փամբակ գետի ավազան) – ՀՍՍՀ ՍՍ 16.11.1959թ. N 75 որոշում:

9.  Արզականի և Մեղրաձորի (Հրազդանի անտառտնտեսություն) – 1450 հա (Մարմարիկ և Դալարիկ գետերի ավազան) – ՀՍՍՀ ՍՍ  16.11.1971թ. N 375 որոշում:

10. Իջևանի (Իջևանի անտառտնտեսություն) – 7800 հա (Իջևանի և Կայենի լառնաշղթա) – ՀՍՍՀ ՍՍ 16.11.1971թ. N 375 որոշում:

11. Գանձաքարի (Իջևանի անտառտնտեսություն) – 6800 հա (Փայտաջուր գետի ավազան և Աղստև գետի ավազան) – ՀՍՍՀ ՍՍ 16.11.1971թ. N 375 որոշում:

12. Գետիկի (Ճամբարակի անտառտնտեսություն) – 6000 հա – ՀՍՍՀ ՍՍ 16.11.1971թ. N 375 որոշում:

13. Գորիսի (Գորիսի անտառտնտեսություն) – 1850 հա, ՀՍՍՀ ՍՍ 16.11.1972թ. N775 որոշում:

 

 

Տպել