Ներկայացվեց ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը

2018-08-09

51208 2018 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը, որի իրազեկման նպատակով այսօր տեղի ունեցավ քննարկում Տավուշի մարզպետարանում: Մասնակցում էին “Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի” Տավուշի մարզային գրասենյակի ղեկավար Զարմայր Մարդանյանն ու տարածքային խորհրդատուները, ֆերմերներ ու համայնքների ղեկավարներ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի ներածական խոսքից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ՝ բուսաբուծության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ու հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ Դավիթ Մեջլումյանը մանրամասն ներկայացրին ծրագրի էությունը՝ նշելով նրա առավելությունները. ինտենսիվ այգին ավանդական այգուց տարբերվում է կիրառվող նոր տեխնոլոգիաներով, միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումով: Ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան համակարգերով: Կաթիլային ոռոգման համակարգի առավելությունը կայանում է նրանում, որ այն կիրառելու դեպքում ոչ միայն ջրի պաշարների զգալի խնայողություն կունենան, այլև զգալիորեն կբարձրանա բերքատվության ցուցանիշը: Իսկ կարկտապաշտպան ցանցերը կպաշտպանեն այգիները կարկտահարությունից,  ծաղկման շրջանում՝ քամիներից, թռչուններից ու այլ վնասատուներից:

 

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար տրամադրվող վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, ինչպես նաև ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկը:

 

Հանդիպման ավարտին գյուղնախարարության ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

 

Աղբյուրը` Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջ

 

 

Տպել