ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

2018-08-02

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։ 

 

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս հայտնել, որ հետագայում երկկողմ հարաբերություններն ավելի կընդլայնվեն: «Ֆրանսիայի փորձը մեզ համար խիստ օրինակելի է, այդ թվում` կոոպերացիայի բնագավառում: Կարծում եմ, այս առումով մենք դեռ շատ բան ունենք սովորելու», – ընդգծել է Արթուր Խաչատրյանը:

 

Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը և այդ նպատակով խրախուսման մեխանիզմների ստեղծումը։ 

 

Ոլորտի զարգացման այլ կարևոր բաղադրիչների թվում նախարարը մատնանշել է նաև ինտենսիվ այգիների հիմնումը, կարկտապաշտպան նորագույն համակարգերի ներդրումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը, խորհրդատվական ծառայությունների բարելավումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, անասնաբուժական ծառայությունների բարելավումը: 

 

Հանդիպման ընթացքում կողմերն առանձին անդրադարձ են կատարել Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ առաջիկայում Հայաստանում մեկնարկելիք «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին, որի շրջանակում Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո գումարն ուղղվելու է հիմնականում մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:

 

Անդրադառնալով ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներին` ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը հույս է հայտնել, որ այն կունանա բարեհաջող ընթացք: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ դրական արդյունքների դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ընդգրկելով նաև այլ մարզեր: 

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ագրարային բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ գյուղատնտեսական կրթության և խորհրդատվությանհրաժեշտությունը: 

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ունի միջազգային շուկաներում ներկայանալու մեծ ներուժ: Պատվիրակության անդամները հայտնել են ֆրանսիական կողմի պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերել հայկական կողմին և քննարկել նոր առաջարկներ համագործակցության ընդլայնման և ոլորտում նոր ծրագրերի իրականացման նպատակով:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել