Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը
2018-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագրեր են ստորագրել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
«Ծրագիրը բաց է թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ մատակարարների համար: Շահառուներն իրենք են ընտրելու, թե որ երկրի արտադրության սարքավորում են ցանկանում գնել: Այս քայլով մենք խրախուսելու ենք նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը»,-նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով, որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4 %, մինչև 8 տարի մարման ժամկետով:
«Շահառուի կողմից կվճարվի 20 տոկոս կանխավճար: Նաև ֆինանսական կազմակերպությունների հաշվին կիրականացվի լիզինգի առարկայի ապահովագրություն»,-նշել է Հրաչ Դարբինյանը:
«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ ծրագրին կարող են դիմել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր:
«Ոլորտը բավականին ընդգրկուն է, առկա է սարքավորումների մեծ տեսականի»,-հավելել է Բազիկյանը:
«Ծրագրում ընդգրկված կլինեն բոլոր սարքավորումները՝ սկսած ջերմոցներից, չորանոցներից, նաև սառնարաններ, վերամշակող ընկերությունների համար սարքավորումներ, անասնաբուծական սարքավորումներ, այսինքն՝ ողջ շղթան փակելու ենք: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի այս տարի շուրջ 4,3-ից 4,5 մլրդ դրամի կապիտալ ներդրում իրականացնել ագրոպարենային համակարգում»,-տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը:
Ծրագրով հետաքրքրված անձինք վաղվանից կարող են դիմել ֆինանսական կառույցներին: Արդեն կան անհատներ և կազմակերպություններ, որոնք ցանկություն են հայտնել սարքավորում ձեռք բերել ծրագրի շրջանակում:
«Գործընթացն իրականում արվում էր շահառուների կողմից, բայց նրանք օգտվում էին բանկային վարկերից, որոնց տոկոսադրույքներն անհամեմատ բարձր էին: Այս պահին արդեն պետությունը միջամտում և օգնում է շահառուներին»,-ասել է Վահե Հարությունյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, պայմաններ կստեղծվեն շահառուների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար, նաև կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճեն գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները: Հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ:
Կնքված հուշագիրն առաջին քայլն է. ծրագիրը բաց է բոլոր կազմակերպություների համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին