Ստորագրվել է հարթակի հիմնադրման հուշագիր
2018-07-23
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպություններ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր արդեն երկրորդ աշխատաժողովը, որի նպատակն էր ստորագրել կողմերի միջև համաձայնեցված ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնադրման հուշագիր, դրան միանալու հնարավորություն ընձեռելով նաև այլ շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև ներկայացնելու ու քննարկելու 2018 թ.-ի համար մշակված աշխատանքային պլանը:
Հարթակի երկրորդ աշխատաժողովին, բացի ներկայացված երեք գործընկեր կազմակերպություններից, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման ու բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Կազմակերպված աշխատաժողովը՝ նվիրված բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգմանը, միտված է ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների համագործակցությանն ու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը և լուծման գործընթացի առաջարկմանը համապատասխան մարմիններին` նպատակ ունենալով ապահովել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը և նպաստել բնական կերհանդակների բնապահպանական խնդիրների լուծմանը:
Քննարկմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, որն ընդգծել է հարթակի շրջանակում ակտիվ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև ուժերի համատեղ և համակարգված կիրառումը:
Հիմնադրամի ծրագրերի կառավարման և զարգացման տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ տարբեր կառույցների կողմից նույն ոլորտում իրականացվող ծրագրերը համակարգման կարիք են ունեցել և այս հարթակը արդեն իսկ փաստացի կլուծի այդ խնդիրները:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ստանձնելու է հարթակի գործունեության ընդհանուր համակարգումը, ոլորտի գործող օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկություններով պետական քաղաքականության ձևավորումը:
Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 23-ին տեղի էր ունեցել առաջին աշխատաժողովը, որի ժամանակ ներկայացվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնադրման առաջարկը: