Անասնաբուծություն

tohmayinԱնասնաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 40 %-ը ստացվում է անասնաբուծությունից:

 

Անասնապահության ծագումը Հայաստանում թվագրվում է դեռևս պալեոլիթյան դարաշրջանից, երբ գյուղատնտեսական գործունեության պարզունակ (նախնա­դար­յան) ձևերն առաջին անգամ ի հայտ եկան Հայկական Բարձրավանդակի վիթխարի տարածքում` Փոքր Ասիայի և Իրանական սարահարթի միջև: Անասնապահությունը սկսել է զարգանալ Նեոլիթի և Վաղ Բրոնզե դարի ժամանակաշրջանում: Այդ ժամանակներից ի վեր անասնապահությունը երկրի համար ձեռք է բերել կենսական կարևորություն, իսկ Ք.ա. 3-րդ և 2-րդ հազարամյակներից արդեն անասնաբուծությունը դարձել է ազգաբնակչության հիմնական զբաղմունքը: Անասնաբուծությունը հայկա­կան լեռնաշխարհում նպաստել է նաև պատմամշակութային արժեքների ստեղծմանը: Հիշարժան է այն հանգամանքը, որ հայկական այբուբենի ստեղծումից հետո (405 թ. Քրիստոսից հետո) հարյուրամյակներ շարունակ հայկական հին ձեռագրերի (մագաղաթների) էջերը պատրաստվել են նորածին հորթերի լավ մշակված կաշվից: Հայկական լեռնաշխարհում բուծվող ոչխարների բրդից պատրաստված հայկական հին ձեռագործ գորգերն աչքի են ընկել իրենց բարձր որակով և արտահանվել Մերձավոր Արևելք, Հնդկաստան և եվրոպական երկրներ:

 

 Հայաստանի գյուղատնտեսական կենդանիների բուծման հնագույն օջախ լինելու մասին է խոսում նաև ընտանի կենդանիների վայրի ցեղակիցների առկայությունը: Երկրում մինչև օրս կան վայրի ոչխար, այծ, խոզ, որոնցից համապատասխանաբար առաջ են եկել դրանց ժամանակակից ընտանի տեսակները: Հայաստանում քաջ հայտնի է եղել «Բանականության առկայությունն անխոս կենդանիների մոտ» երկխոսությունը, որը վերագրվում է Մետրոդորիսին: Հայաստանում բուծվող կենդանի­ների, դրանց ժառանգականության և բնազդների հարցերին են անդրադարձել հայ պատմիչներ Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Մովսես Խորենացին և ուրիշները: 5-րդ դարում հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրիցը», որտեղ նկարագրվում են կենդանիների բազմացումը և բնազդները: Կենդանիների նկատմամբ սերն արտահայտվել է հայ ժողովրդի բանահյուսության մեջ, մասնավորապես` «Սասունցի Դավիթ» էպոսում, ինչպես նաև բազմաթիվ հեքիաթներում, պատմվածքներում և երգերում, որոնք հազարամյակների ընթացքում բանավոր խոսքի միջոցով փոխանցվել են սերնդեսերունդ: 

 

Ներկայումս Հայաստանի անասնաբուծությունը իրենից ներկայացնում է զարգացած ենթաճյուղեր ունեցող մի ոլորտ, որտեղ անասնաբուծության վարման ավանդական տեխնոլոգիաներին զուգահեռ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է ընձեռում տեղի բնակլիմայական պայմաններին առավելագույնս համապատասխանեցնել գյուղատնտեսական կենդանիների այս կամ այն տեսակի բազմացումը և մթերատվության ստացումը:

 

 

Տավարաբուծություն

 

Տավարաբուծությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնա­բու­ծության ոլորտի առաջատար ճյուղը: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 %-ը և մսի գրեթե 58 %-ը ստացվում է տավարաբուծությունից: Բուծվող տավարի 93 %-ը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղն է: Հանրապետությունում բուծվում են նաև հոլշտին, շվից, սիմենթալ և սևաբղետ ցեղի կենդանիներ: Հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվում են շուրջ 170 հազար գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ:

 

Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային պահվածքը,իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտա­մսուրային պահվածքը: Տավարի ամենաստվար գլխաքանակը կենտրոնացված է Գեղարքունիքի և Շիրակի, ապա` Արագածոտնի, Սյունիքի և Լոռու մարզերում: 

 

Հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշները տարիներ շարունակ կատարելագործվել են շվից ցեղի տոհմային կենդանիների օգտագործմամբ: Հանրապետությունում առաջին տոհմակայանները ձևավորվեցին  20-րդ դարի 20-30-ական թվականներին, իսկ Լոռու մարզի Տաշիրի (նախկին` Կալինինո) և Ստեփանավանի տարածաշրջանները հանդիսացել են տավարաբուծության ավանդական տոհմային օջախներ: 

 

Ներկայումս հանրապետության տավարաբուծության ոլորտում նկատվում են ինտենսիվացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միտումներ:

 

 Հանրապետությունում գործում են մեկ տասնյակից ավելի տավարաբուծական տոհմային տնտեսություններ, որոնցից առաջատարներն են «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ի, «Վամաքս» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ի տավարաբուծական տնտեսությունները: Ի դեպ, Սյունիք համայնքում գործող «Վամաքս» ՍՊԸ-ի և ՀՀ Լոռու մարզի Սպիտակի վարչական տարածքում գտնվող «Ագրոհոլդինգ Արմենիա» ԲԲԸ-ի տավարաբուծական տնտեսությունները եզակի են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: 

 

Հանրապետություն է ներկրվել ավելի քան 2500 գլուխ հոլշտին, շվից և սիմենթալ ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարա­ժամկետ վճարման պայմանով հատկացվել են 72 տնտեսավարող սուբյեկտների: Ներկրված կենդանիներից և դրանց սերունդներից տարեկան ստացվում են ավելի քան 1500 գլուխ բարձրարժեք հորթեր, որոնց մի մասն ուղղվում է նախիրների սեփական վերար­տադրությանը, իսկ տոհմային մատղաշի մնացած գլխաքանակը վաճառվում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին, ինչը հնարավորություն կընձեռի տոհմային տնտեսություններին շարունակել բարձրարժեք տոհմային կենդանիների մաքուր բուծման գործընթացը: Տավարաբուծական տնտեսությունների կողմից ձեռք բերված տոհմային կենդանիները համակարգված տոհմասելեկցիոն աշխատանքների միջոցով կօգտագործվեն տեղական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման նպատակով, ինչը իր հերթին կհանգեցնի հանրապետությունում կենդանական ծագման արտադրանքի ծավալների և որակի ավելացմանը:

 

 

Ոչխարաբուծություն

 

Ոչխարաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ավանդական ճյուղերից է: Հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի արդյունքում այստեղ հաջողությամբ բուծվում են տեղի բնակլիմայական պայմաններին գերազանց հարմարված մի քանի էնդեմիկ ցեղեր, որոնցից են մազեխ, բոզախ, ղարաբաղի և բալբաս ցեղերը: Բացի այդ, հայ սելեկցիոներների կողմից ընտրասերման արդյունքում մեր հանրապետությունում ստեղծվել է նաև ոչխարի` հայկական կիսակոպտաբուրդ ցեղը: Վերջինս ունի սպիտակ կիսակոպիտ բուրդ, որը գերազանց հումք է հանդիսանում գորգագործության համար:

 

 Հանրապետությունում 20-րդ դարի 60-70-ական թվականներին բուծվում էր ավելի քան 2 մլն ոչխար, որից հետո ոչխարի գլխաքանակը կտրուկ նվազեց: Սակայն վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի աճ, և ներկայումս այն կազմում է 727 հազար գլուխ: 

 

Ոչխարաբուծությունն առավել զարգացած է հանրապետության նախալեռնային և լեռնային գոտիներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր: Ոչխարների ամենաստվար գլխաքանակը բուծվում էին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ապա` Արագածոտնի և Շիրակի մարզերում: 

 

Վերջին տարիներին տեղական ցեղերից զատ ներկրվել են նաև ոչխարի այլ ցեղեր, մասնավորապես` մուշտակատու ուղղության, բազմապտուղ` ռոմանովյան ցեղի, ինչպես նաև դմակավոր` էդիլբաևյան ցեղի ոչխարներ, որոնք հաջողությամբ հարմարվել են տեղի բնակլիմայական պայմաններին: 

 

Մեր հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 19 հազար տոննա ոչխարի միս: Հանրապետությունից տարեկան կարելի է արտահանել 180-200 հազար գլուխ ոչխար: 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ոչխարաբուծության զարգացումը և ճյուղի խթանման նպատակով 2011 թվականի օգոստոսի 25-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ»:

 

Խոզաբուծություն

 

Խոզաբուծությունը հանդիսանում է հանրապետության անասնաբուծության ոլորտի կարևոր ճյուղերից մեկը: Խոզաբուծությունը առավել զարգացած է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ էլ կենտրոնացած է խոզերի ամենաշատ գլխաքանակը: Հանրապետության հյուսիսային հատվածում` Տավուշի և Լոռու մարզերում, կիրառվում է խոզերի լեռնանտառային պահվածքը: 

 

Հանրապետության գիտնականների ջանքերով ստեղծվել է խոզերի հայրենական` հայկական մսային ցեղը, որը հիմնականում բուծվում է տնամերձ օժանդակ տնտեսություններում: Արդյունաբերական տիպի խոզաբուծական համալիրներում և տնտեսություններում բուծվում են խոզերի` լանդրաս, պետրեն, դյուրոկ ցեղերը, որոնց միջոցով իրականացվում է արդյունաբերական տրամախաչում: 

 

Հանրապետությունում տարեկան արտադրվում է 17-18 հազար տոննա խոզի միս (կենդանի զանգվածով):

 

 

Թռչնաբուծություն

 

Թռչնաբուծությունը Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առավել մեքենայացված և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ճյուղն է: Հանրապետությունում ներկայումս գործում են մեկ տասնյակից ավել միջին և խոշոր թռչնաբուծարաններ, որոնք զբաղվում են թռչնամսի և ձվի արտադրությամբ: Ձվի արտադրությամբ զբաղվող խոշոր թռչնաբուծարաններից են «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն և «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն, որոնք արտադրում են հանրապետությունում արտադրվող ձվի շուրջ 40 %-ը: Թռչնամսի արտադրությամբ հանրապետությունում առաջատարը դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն է: 

 

Հանրապետության գիտնականների սելեկցիայի արդյունքում ստեղծվել է հավերի` երևանյան ցեղը, որն ունի սև և կարմիր ներցեղային տիպեր: Այս ցեղը շատ լավ հարմարված է մեր երկրի բնակլիմայական պայմաններին և հիմնականում բուծվում է տնամերձ օժանդակ տնտեսություններում:

 

Հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 700 մլն ձու և 7-8 հազար տոննա թռչնամիս:

Տպել